Օտարալեզու դպրոցների դեմ շարժման մասնակիցները բողոքի ցույց կանցկացնեն նախագահական նստավայրի առջեւ<br />


Օտարալեզու դպրոցների դեմ շարժման մասնակիցները բողոքի ցույց կանցկացնեն նախագահական նստավայրի առջեւ

  • 27-12-2010 14:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 28-ին ժամը 18-ին Հայաստանի նախագահական նստավայրի առջեւ տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների եւ անհատների մասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն պահանջագիր` չստորագրել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային Ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին: «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս միջոցառմանը: «Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու եւ մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն արդյունքի բերելու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է»,- ասված է «ՆՏ»-ին տրամադրած մամլո հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play