ԱՄՆ կառավարության օժանդակության մասով նախանշվող փոփոխությունները գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից


ԱՄՆ կառավարության օժանդակության մասով նախանշվող փոփոխությունները գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից

  • 16-04-2015 12:25:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է ներկայացնել 2015 բյուջետային տարում ԱՄՆ կառավարության օժանդակության  մասով նախանշվող փոփոխությունները, որոնք գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից:
 
Միացյալ Նահանգների օժանդակության բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության ընթացիկ ու նորահայտ մարտահրավերները, Նախագահ Օբամայի քաղաքականությունը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, դաշնակիցների ու գործընկերների առաջ անվտանգության առումով ստանձնած մեր հանձնառությունները և մեր ջանքերն ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանը և խաղաղապահ գործունեությանը: Վերջին տարվա նոր գլոբալ առաջնահերթությունների ու զարգացումների արդյունքում (այդ թվում էբոլայի հետ կապված ճգնաժամը, Իսլամական պետությունը, Սիրիան և Ուկրաինան) դժվարին որոշումներ պետք է կայացվեն մեր օժանդակության ծրագրերի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Այս նոր առաջնահերթություններից բխում է,  որ աշխարհի շատ երկրներին, այդ թվում՝ Եվրոպային ցուցաբերվող օժանդակության ծավալները  զգալիորեն նվազում են: Ահա այս համատեքստում էլ կատարվել է Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատում: Մեր որոշակի օժանդակության ծրագրերի գծով ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է մեր բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով, և դա որևէ կերպ կապված չէ մեր իրականացրած ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ:
 
Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը կանդրադառնա թե ԱՄՆ ՄԶԳ-ի, թե Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վրա: Կրճատումների գումարային չափը առայժմ դեռ պարզ չէ, սակայն Դեսպանությունը պլաններ է մշակում որոշ նոր ծրագրերի կրճատման կամ որոշ ծրագրեր ավելի արագ ավարտին հասցնելու վերաբերյալ:
 
Չնայած այս կրճատումներին ԱՄՆ ՄԶԳ-ը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը 2013թ. մշակված հայաստանյան ռազմավարությամբ վերհանված գերակա ուղղություններով, որոնց ձևավորման հարցում իրենց ներդրումն են ունեցել ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և մեր հայ գործընկերները: Այս գերակա ուղղությունները ներառում են. տնտեսական աճ գյուղի զարգացման ոլորտում, տուրիզմ, ջրային և էներգետիկ անվտանգություն ու կառավարում, մարդկային կապիտալի զարգացում,    տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, հակակոռուպցիոն աշխատանքներ և երեխաների պաշտպանություն:
 
Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը կշարունակի իրականացնել ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի հաշտեցումը հարևան երկրների հետ, և ծրագրեր Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդավարական գործընթացներին և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը Հայաստանում:
 
 
            Ամերիկյան կառավարության օժանդակությունն ուղղվում է նաև մեր երկկողմ համագործակցության այլ ոլորտների, որոնց թվում են շարունակական աջակցությունն ընթացակարգերի մշակման հարցում, որոնք ապահովում են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն ու Հայաստանի ավելի մեծ էներգետիկ անվտանգությունը, արդարադատության ոլորտի ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև ընտանեկան բռնությունների նոր ստորաբաժանման կարողությունների զարգացման նպատակով ոստիկանների ուսուցումը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ևս շարունակում է սերտորեն աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ հայ խաղաղապահների կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների հարցում:
 
1992թ.-ից ի վեր Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play