Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի<br />


Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի

  • 23-12-2010 17:26:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 23-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, «մեզանում առաջին անգամ առանձին օրենք է ընդունվելու ազատ տնտեսական գոտիների մասին: Ըստ նրա, օրինագծի առանձնահատկությունն այն է, որ բավական լուրջ ֆիլտր է դրվում հնարավոր ռիսկերի առջեւ. ծրագրերն իրականացնելուց առաջ դրանք նախապես պետք է արժանանան կառավարության հավանությանը, լինեն հասկանալի, թափանցիկ եւ կառավարելի: Գործադիրը հավանության է արժանացրել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ եւս քսան ՀՀ օրենքներում եւ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նպատակն է «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխման հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Նախաձեռնության նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները, որոնք արծարծվել են ինչպես ՀՀ վարչապետի մոտ կայացած ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում, այնպես էլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման ժամանակ: Գործադիրը հավանության է արժանացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվեն ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններով մինչեւ 2011թ.-ի հունվարի 1-ն ընկած ժամանակամիջոցում հանրային ծառայությունների ենթակառուցվածքների շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու իրավական հիմքեր: Կառավարության հավանությունն է ստացել «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ ՀՀ այլ օրենքներում եւ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում կվերացվեն օրենսդրական ակտերում առկա անհամապատասխանություններն ու փոխհատումները, կապահովվի ոլորտին առնչվող գործառույթների հստակեցումն ու արդյունավետության բարձրացումը` հիմք ընդունելով եվրոպական փորձի վերլուծության արդյունքները: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունմամբ կսահմանվեն ներգործության համապատասխան միջոցներ երկաթուղային տրանսպորտի ոլորտում պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոնների խախտման համար, ինչը կնպաստի երկաթուղային տրանսպորտի բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Կառավարության հավանությունն է ստացել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը կոչված է կարգավորելու մթնոլորտի պահպանության կառավարման բնագավառում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ու պետական եւ տարածքային կառավարման մարմինների հասարակական հարաբերությունները: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու օրենքի նախագծին: Դրա ընդունմամբ կստեղծվի ՀՀ արտաքին գործերի նախարարության մարմինների կողմից Հայաստան վերադառնալու վկայականների տրամադրման իրավական հիմքը, որը թույլ կտա մշակել ոլորտը կարգավորող օրենսդրական այլ ակտեր: Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակաուղղված է ժառանգման ինստիտուտին վերաբերող նորմերում առկա լեզվական անճշտությունները վերացնելուն: Կառավարության եզրակացության համաձայն օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի: ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթի եւ ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկությունների կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play