Բարելավվում է Երեւանի Կենտրոնի ջրամատակարարումը<br />


Բարելավվում է Երեւանի Կենտրոնի ջրամատակարարումը

  • 22-12-2010 18:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 22-ին շահագործման հանձնվեց Ավանի Աճառյան թաղամասից մինչեւ «Աբովյանի պուրակ ՕԿՋ» (օրվա կարգավորիչ ջրամբար) նոր թուջե ջրատարը: Միջոցառմանը ներկա էին ֆրանսիական Վեոլիա Ջուր ընկերության տարածքաշրջանային ղեկավար Պիեռ Բրյունեն, «Երեւան ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն, Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը: Ջրատարը, որը 2010թ.-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով կառուցել է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն, ունի 400 մմ տրամագիծ եւ 4,5 կմ երկարություն: Նախագծի ընդհանուր արժեքը 643 մլն դրամ է, որը հատկացվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից: Միաժամանակ կառուցվել է 5 փականային խուց, իրականացվել են ջրագծերի միացման եւ այլ անհրաժեշտ աշխատանքներ: Շինարարության ընթացքում կառուցվել է նաեւ հեղեղատար ցանց` Մյասնիկյան պողոտայում: Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ ջրատարին զուգահեռ տեղադրվել է 100 մմ տրամագծով պոլիեթիլենային լրացուցիչ խողովակ, որով հետագայում հնարավոր կլինի կապի համար մալուխ տեղադրել առանց նոր խրամուղի փորելու: Ասֆալտապատումը նույնպես իրականացվել է համատեղ ուժերով: Նոր ջրատարն առաջին հերթին նպատակ ունի ապահովել Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարման հուսալիությունը: Այն ներկայումս հիմնականում ջուր է ստանում «Գառնի-Երեւան» ջրատարից եւ վերջինիս կանգառի դեպքում, այլընտրանքային ջրատարի բացակայության պարագայում, ունենում է ջրամատակարարման հետ կապված խնդիրներ: Միաժամանակ, արդեն այսօր Երեւանի հյուսիսային շրջաններում ջրակորուստների նվազեցման շնորհիվ կա հնարավորություն Կենտրոնին ինքնահոս եղանակով մոտ 130 լ/վ ջուր մատակարարել Կաթնաղբյուրից, ինչը հնարավորություն կտա համապատասխան քանակությամբ ջուր Գառնիի ջրատարից ուղղել դեպի Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններ` նվազեցնելով Արարատյան պոմպակայանից այնտեղ ստացվող ջրաքանակը: Ըստ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության, Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը` Կաթնաղբյուրից առանց լրացուցիչ ջրաքանակի, արդյունք է ընկերության կողմից տարվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունավետության, ինչի շնորհիվ ընկերությունը հաջողությամբ է կատարում Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ երեւանցիների ավելի քան 75 տոկոսին ներկայումս ապահովում 20-24 ժամյա ջրամատակարարմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play