Տիգրան Սարգսյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ<br />


Տիգրան Սարգսյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ

  • 20-12-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի դեկտեմբերի 20-ի նիստում, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել է Խորհրդի նախագահի ընտրության հարցը: Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ներկայացրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների Խորհուրդների ձեւավորման կարգը, այնուհետեւ առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ: «Այսօր շատ կարեւոր, հիշարժան օր է, քանի որ օրերս վարչապետի որոշմամբ ձեւավորվել են բուհերի խորհուրդների կազմերը, եւ այս համալսարանում այսօր անդրանիկ ընտրություններն են ընթանում»,- նշել է Ա.Աշոտյանը: Խորհրդի նախագահի թեկնածուներ են առաջադրվել Տ.Սարգսյանը եւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Բաց քվեարկությամբ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Տ.Սարգսյանը: Նրան հանդիսավորությամբ հանձնվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահի խորհրդանշական շքանշանը: Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար: Կարեւորելով համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում, վարչապետն ասել է. «Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում փոխվի վերաբերմունքը մանկավարժական համալսարանի նկատմամբ, որպեսզի մանկավարժական համալսարանը չդիտարկվի համալսարանների շարքում երկրորդ, երրորդ աստիճանի համալսարան»: Անդրադառնալով հանրապետության կրթական համակարգում բարեփոխումներին, վարչապետը նշել է. «Մեր բարեփոխումների իմաստը, էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծենք գիտելիքահենք հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ մենք արագ փոփոխվող աշխարհի այդ ըմբռնումը, որը հիմնված է գիտելիքի ստեղծման վրա, այդ ըմբռնումը մենք ձեզ հետ միասին պետք է հաղորդենք դպրոցից: Ինչպիսին կլինեն մեր ուսուցիչները, այնպիսին կլինեն մեր աշակերտները դպրոցում, եւ այդպիսին կլինի Հայաստանը 10 տարի հետո: Եթե մենք ցանկանում ենք առարկայական պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 10-20 տարի հետո, մենք պետք է այցելենք մեր դպրոցները, տեսնենք` ինչպես եւ ինչ ենք դասավանդում, ինչպիսի ընկալումներ կան աշակերտների մոտ, եւ ես համարում եմ, որ դա թիվ մեկ խնդիրն է մեր կրթական բարեփոխումների ընթացքում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play