Տեղի ունեցավ Հայաստանում չորրորդ սերնդի` 4G, ցանցի պաշտոնական գործարկման արարողությունը<br />


Տեղի ունեցավ Հայաստանում չորրորդ սերնդի` 4G, ցանցի պաշտոնական գործարկման արարողությունը

  • 20-12-2010 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ներկա է գտնվել «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխավոր գրասենյակում Հայաստանում չորրորդ սերնդի` 4G, ցանցի պաշտոնական գործարկման արարողությանը: Նոր սերնդի ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառումը մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ողջույնի խոսքով, ով իր ելույթում անդրադարձել է 4G ցանցի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին եւ ներկայացրել հեռահաղորդակցության ոլորտում նոր սերնդի ցանցի հնարավորությունները: Մասնավորապես, LTE մոդեմների միջոցով կատարվել է ցանցում, ներառյալ նաեւ կառավարության պաշտոնական www.gov.am կայքէջում տվյալների ներբեռնման եւ վերբեռնման հոսքերի փորձարկում իրական ժամանակում: Ռ.Յիրիկյանը նշել է, որ Հայաստանը LTE տեխնոլոգիայի հիմնված նոր սերնդի ցանցը գործարկած առաջին երկիրն է տարածաշրջանում եւ տասներորդն` աշխարհում: Շնորհավորելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին նոր ցանցի հաջող գործարկման առթիվ, վարչապետն ընդգծել է, որ ՏՏ բնագավառում նորամուծությունների համար հնարավորությունների ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի զարգացման ծրագրին: Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ 4G-ն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շնորհիվ մուտք գործեց Հայաստանի Հանրապետություն: Համոզված եմ, որ այս նորարարությունը խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Գաղտնիք չէ, որ ընդամենը երկու տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշներով` հասանելիությամբ, գներով, մրցակցային դաշտով, մենք զիջում էինք մեր հարեւաններին: Բայց վերջին երկու տարիների ընթացքում բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ում. եւ' հասանելիությունն է կտրուկ ավելացել, եւ' մրցակցությունը, նոր գործիքներ են ի հայտ եկել, կտրուկ ավելացել է նոր ծառայությունների քանակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նաեւ ավելացել են նորաստեղծ ձեռնարկությունները»: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ.Սարգսյանն օրինակելի է համարել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությամբ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը` ընդգծելով, որ դա կնպաստի ՏՏ ոլորտում նոր ներդրումների իրականացմանը եւ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Երկարաժամկետ էվոլյուցիայի տեխնոլոգիայի վրա հիմնված 4G/LTE ցանցն ապահովում է հեռահաղորդակցային հուսալի եւ որակյալ ենթակառուցվածք` մեծածավալ տվյալների գերարագ փոխանցման համար եւ թույլ տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով որակապես նոր եւ ավելի մեծ թողունակություն պահանջվող ծառայություններ մատուցել: 4G ցանցն առաջին փուլով գործարկվելու է Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play