Երկաթուղային պատահարների թիվն աճել է բնակչության անզգուշության պատճառով. պնդում են մասնագետները (տեսանյութեր և ֆոտոշարք)


Երկաթուղային պատահարների թիվն աճել է բնակչության անզգուշության պատճառով. պնդում են մասնագետները (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 13-05-2015 19:34:40   | Հայաստան  |  Տրանսպորտ



2014 թվականին, ըստ Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանի, արձանագրվել է շուրջ 45 երկաթուղային պատահար, որից 30-ը` մահվան ելքով:  Ըստ նրա` երկաթուղային պատահարների թիվն ամեն տարի ավելանում է, իսկ պատճառը հիմնականում գնացքների գծերին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչների անզգուշությունն է:
Մտահոգված լինելով երկաթուղային պատահարների բարձր ցուցանիշներով` Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության պատասխանատուները մայիսի 13-ին լրագրողների և գնացքների գծերին մոտ գտնվող համայնքների ղեկավարների հետ իրականացրեցին գնացքով շրջայց Երևանից դեպի Վանաձոր` նպատակ ունենալով վերջիններիս միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնել և իրազեկել անվտանգության կանոնների պահպանության մասին:
«Ներկայումս վերանորոգված երկաթգծերը թույլ են տալիս գնացքներին զարգացնել առավելագույն 100 կմ/ժամ արագություն, այս դեպքում, եթե երկաթգիծը հատող անցորդը կամ անասնապահն անուշադիր են մոտեցող գնացքի հանդեպ, ապա գնացքի մեքենավարին էլ ավելի դժվար է լինում խուսափել պատահարից, քանի որ նա կտրուկ արգելակելու դեպքում էլ չի կարողանա անմիջապես կանգնեցնել գնացքը»,- ասաց Լ. Հակոբյանը` հավելելով, որ վերհոնշյալ արագության դեպքում գնացքն ինքնաբերաբար ընթանում է մոտ 800 մետր: 
Լ. Հակոբյանի խոսքով` երկաթուղու անվտանգության կանոնների պահպանման և ողբերգական պատահարներից խուսափելու գլխավոր նախապայմանը հասարակության կարգապահությունն ու զգոնությունն է. «Գնացքի մեքենավարից ոչինչ կախված չէ, եթե ավտոմեքենայի դեպքում վարորդը անզգույշ անցորդին կամ կենդանուն տեսնելիս կարող է շրջել ղեկը և խուսափել բախումից, ապա գնացքի դեպքում դա անհնար է»,- ասաց նա: 
ՀԿԵ-ի անվտանգության պատասխանատուները ղեկավար կազմի հետ ամեն չորեքշաբթի կատարում են գնացքով շրջայցեր` ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին արագ արձագանքելու և գնացքով փոխադրումներ կատարելու հետ կապված խոչընդոտները վերացնելու նպատակով:
«Մենք այսօր որոշեցինք Ձեզ և երկաթգծի հարակից համայնքների ղեկավարների հետ հանդիպել, որովհետև առջևում ամառային արձակուրդներն են, իսկ դա նշանակում է, որ գնալով մեծանալու են պատահարների ռիսկերը: Շատ կարևոր է, որպեսզի համայնքապետերն արդեն իսկ սկսեն դպրոցների ուսուցիչների միջոցով կազմակերպեն անվտանգության կանոների մասին իրազեկող դասընթացներ աշակերտների հետ »,- նշեց Լ. Հակոբյանը:
Նրա տեղեկացմամբ` հաճախակի պատահարները լինում են երեխաների և անասնապահների անփութության հետևանքով:
Շրջայցին մասնակցող ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալիկոյի պնդմամբ` երկաթուղային պատահարներից հնարավորինս խուսափելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն երկաթգծերին մոտ համայնքների ղեկավարների և երկաթգծի անվտանգության հարցերով զբաղվողների միջև:
«Ցավոք սրտի 2013-2014 թվականների երկաթուղային պատահարների վիճակագրությունը տխուր է, հետևաբար այսօր առաջնային խնդիր է դարձել երկաթուղային անվտանգության կանոնների պահպանումը: Քանի դեռ բնակչությունը չի գիտակցում, որ իր զգոնությունից ու ուշադրությունից է կախված սեփական անվտանգությունը, ապա մենք կունենաք նման վիճակագրություն»,- ասաց Ս. Վալիկոն:
ՀԿԵ-ի անվտանգության ծառայության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանի տեղեկացմամբ` երկաթգծի տարածքում հաճախակի հանդիպող բացասական երևույթներից են երկաթուղային կաբելների գողության դեպքերը, ինչի հետևանքով մի քանի ժամով խաթարվում է ոչ միայն երկաթուղու աշխատանքը, այլև քառակի վնաս է պատճառվում երկաթգծին, անչափահասների կողմից քարերով գնացքների ապակիների կոտրումը և քարերի տեղադրումը երկաթգծերի վրա, ինչը ըստ մասնագետի կարող է պատճառ դառնալ մինչև իսկ վագոնի գծից դուրս գալու և շրջվելու:
 
Լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 

Նոյյան տապան  -   Տրանսպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play