Այս տարի Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին Վանաձորում (տեսանյութեր և ֆոտոշարք)


Այս տարի Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին Վանաձորում (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 18-05-2015 17:56:31   | Հայաստան  |  Միջազգային



2010 թվականից Հայաստանում նշվող Եվրոպայի օրվան նվիրված ամենամյա հանրային միջոցառումներն այս տարի մեկնարկեցին մայիսի 16-ին Վանաձոր քաղաքում, ապա մայիսի 17-ին շարունակվեցին Գյումրիում:
 Տոնակատարությունների շրջանակներում  կազմակերպվեցին ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ներկայացնող մի շարք տեղեկատվական և մշակութային միջոցառումներ` նպատակ ունենալով Հայաստան ժամանած տարբեր բնագավառների հայտնի եվրոպական արվեստագետների և մասնագետների ունեցած գիտելիքների, ստեղծագործական մտքի  ու հմտությունների փոխանցումը տեղի երիտասարդներին : 
Մայիսի 16-ին Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կայացավ իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոյի վարպետության դասը` թափոնների վերամշակաման և դրանցից արվեստի գործ ստեղծելու մասին:  Նա նախ մասնակիցներին ցույց տվեց, թե ինչպես պետք է օգտագործեն թափոնները` ստեղծելով արվեստի գործեր, ապա օգնեց երիտասարդներին ինքնուրույն ստեղծել նմանատիպ աշխատանքներ: Դասի ավարտին արվեստագետը չցանկացավ կատարված աշխատանքներից ընտրելը որևէ մեկը, այլ բոլորին առաջարկեց միանալ իրեն և մայիսի 24-ին գալ Երևան, որտեղ ամփոփվելու են Եվրոպայի օրվան նվիրված բոլոր միջոցառումները:
Նույն օրը Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերի կողմից տրամադրվող հնարավորությունների մասին: Այն ուղեկցվում էր նաև ֆոտոցուցահանդեսով:
Տեղեկատվական ցուցահանդեսում ընդգրկված էր տուրիզմի, գյուղատնտեսության, միգրացիայի, արդարադատության, բիզնես աջակցության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտները:
Ցուցահանդեսին ներկա էր ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Տրայան Հրիսթեան, այնպես էլ Լիտվայի,  Չեխիայի և Լեհաստանի դեսպանները և Վանաձորի համայնքապետ Սամվել Դարբինյանը:
Տրայան Հրիսթեայի տեղեկացմամբ` ամեն տարի Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է 45 մլն եվրո ֆինանսական աջակցություն ներդրումների և տարբեր դրամաշնորհային ծրագրերի տեսքով: 
Նրա խոսքով`Եվրամիությունը հանձնառու է աջակցել այն գործընկեր երկրներին, ովքեր միտված են ամրապնդելու խաղաղությունն ու կայունությունն իրենց տարածաշրջանում:
«Այս տարին նվիրված  է Եվրոպայի զարգացմանը, իսկ կարգախոսն է` «Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան»,  և սկզբունքորեն այս միջոցառումները հիանալի հարթակ են հանդիսանում երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու համար»,- ասաց նա:
Վանաձորի համայնքապետը շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը և մյուս դեսպաններին Վանաձորում Եվրոպայի օը նշելու և այդ կապակցությամբ նախատեսված միջոցառումներին մասնակցելու համար:
Նա մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից եվրոպական գրեթե բոլոր պետությունները ներդրումներ են կատարել մեր երկրում հատկապես տնտեսության և գյուղատնտեսության զարգացման ոլորտներում: Այս ներդրումները ես համարում եմ ժողովրդավարության մեջ նրանց բարձր ինստիտուտների մեծ փորձի ներդրում, ինչը շատ ուսանելի է թե մեր, թե նոր զարգացող երկրների համար»,- ասաց նա:
Վանաձորյան միջոցառումներն ամփոփվեցին բացօթյա համերգով:
Վերհոնշյալ բոլոր միջոցառումները հաջորդ օրը` մայիսի 17-ին, անցկացվեցին նաև Գյումրիում:
Վանաձորյան միջոցառումների լուսանկարներն այստեղ
Գյումրիի միջոցառումների լուսանկարներն այստեղ
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play