Սերժ Սարգսյան. Ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է եւ մեր զարգացման կարեւորագույն խթաններից մեկը


Սերժ Սարգսյան. Ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է եւ մեր զարգացման կարեւորագույն խթաններից մեկը

  • 18-12-2010 16:37:26   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 1990թ. Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնումը բացառիկ իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում: Իշխող կուսակցության հիմնադրմանը նվիրված հանդիսավոր նիստին նշեց կուսակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Կուսակցությունն իր նշանակալի ներդրումն է ունեցել արցախյան ազատամարտում, նշեց կուսակցության նախագահը, ընդգծելով, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ «մենք գլուխ ենք խոնարհում բոլոր մեր նահատակների հիշատակին, ում շնորհիվ արդեն ունենք բոլորովին ուրիշ Հայաստան եւ բոլորովին ուրիշ Արցախ»,- ասաց Ս.Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի, ՀՀԿ նախագահներ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի առաջնորդությամբ ՀՀԿ-ն կայացել է, ստացել ժողովրդի վստահությունը եւ ստանձնել առանցքային դերակատարություն երկրի կառավարման գործում: Ս.Սարգսյանը նշեց, որ կուսակցության անցած ուղին նույնքան դժվար է եղել, որքան դժվար է եղել երկրի անցած ուղին, քանի որ կուսակցության 20-ամյա կենսագրությունը անբաժանելի է ժողովրդի կուսակցությունից։ «Հայաստանի հաղթանակներն ու պատմությունները, ձեռքբերումներն ու սխալները մերն են ոչ թե նրա համար, որ Հայաստանը մերն է, այլ որովհետեւ մենք Հայաստանինն ենք, մեր կյանքով ու մեր ողջ գործունեությամբ ենք Հայաստանինը»,- ասաց երկրի ղեկավարը։ Նա կարեւորեց այն, որ կառավարող ուժեղ կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, սակայն միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ «չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման՝ կանգնած ջրերը, որպես կանոն ճահճանում են»։ Այդ հիվանդությունը, ըստ նախագահի, ունի շատ պարզ դեղատոմս՝ ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ։ Երկրի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան, իսկ իշխող կուսակցության եւ երկրի խնդիրն է դրանք հաղթահարել՝ ուժերի ողջ լարումով։ Նախագահը կարեւորեց պետական կառույցների կողմից օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ պատժի անխուսափելիության սկզբունքների ապահովումը. «Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է»,- ասաց ՀՀ նախագահը, հավելելով՝ «մենք դա պետք է անենք, այո, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում»։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ նախագահը շեշտեց, որ խորհրդարան կմտնեն այն ուժերը, որոնք արդար պայքարում կվաստակեն ժողովրդի վստահության քվեն՝ ուժերի վերադասավորում կարող է իրականացնել եւ պետք է իրականացնի միայն ու միայն ժողովուրդը։ ՀՀԿ նախագահը կոչ արեց իր կուսակիցներին շարունակել արմատավորել քաղաքակիրթ հանրային երկխոսությունը։ Իսկ ընդդիմությանը երկրի ղեկավարը բաժանում է երեք պայմանական խմբերի։ Առաջին խմբում երկրի ճակատագրով անկեղծորեն մտահոգ անհատներն են, ովքեր երբեմն սուր կերպով խնդիրներ են բարձրացնում, վեր հանում խնդիրներ, ահազանգ հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են։ Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը տեսնում են միայն իշխանափոխության մեջ։ ՀՀ նախագահը տարակուսանք հայտնեց, որ այդ ուժերը Գարեգին Նժդեհի ցեղակրոնությունը հռչակեցին «ռասիզմ»։ Ս.Սարգսյանը որպես պարզունակ բնորոշեց այն դատողությունը, թե «հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն՝ պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին»։ Երկրի ղեկավարն ընդգծեց, որ ՀՀԿ-ն այսուհետ եւս շարունակելու են հետեւել հայոց մեծերին՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարներին։ «Այդ խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտվում է ոչ թե Արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջ»,- նկատեց Ս.Սարգսյանը։ Երրորդ, փոքրաթիվ խումբը ակամա կամ գիտակցաբար, ՀՀ նախագահի գնահատմամբ, իրականացնում է հայ ժողովրդին, հայոց պետականությունը եւ հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր՝ հետեւողական կերպով եւ ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ։ «Նրանց ձեւակերպումները հաճախ բառացի, նույնությամբ մենք գտնում ենք ադրբեջանական եւ թուրքական քարոզչության էջերում»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Այդուհանդերձ, ընդդիմությունը երկրի ու քաղաքական դաշտի հարստությունն է, զարգացման կարեւորագույն խթաններից մեկը, իսկ գաղափարների շուրջ միավորված եւ լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play