Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ նշանակովի են թե Աբովյանի քաղաքապետը, թե Ծառուկյանը. Հակոբ Բադալյան


Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ նշանակովի են թե Աբովյանի քաղաքապետը, թե Ծառուկյանը. Հակոբ Բադալյան

  • 20-05-2015 16:29:32   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Աբովյանի քաղաքապետի ընտրության նախընտրական շրջանն անսպասելի զվարթ է ստացվում: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելուց հետո Աբովյանի քաղաքապետի պաշտոնից դեպի Կոտայքի մարզպետի նշանակովի պաշտոն հեռացրեց նրա փեսային՝ Կարապետ Գուլոյանին, թվում էր, որ Աբովյանում Սերժ Սարգսյանն ուզում է ունենալ իր թեկնածուն եւ քաղաքը վերցնել Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտուց:

 

Բայց, իրադարձությունները զարգացան անկանխատեսելի տրամաբանությամբ, եւ պարզվեց, որ նոր քաղաքապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը հավանության է արժանացնում կրկին Գագիկ Ծառուկյանի հովանավորյալին՝ Վահագն Գեւորգյանին: Գեւորգյանն իհարկե Ծառուկյանի փեսան չէ: Ըստ երեւույթին, հետփետրվարյան ներիշխանական քվոտայով Ծառուկյանի փեսաներին տրված է քաղաքապետի մեկ պաշտոն, եւ այժմ այն զբաղեցնելու հերթը Հովիկ Աբրահամյանի որդունն է, որը առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի թեկնածու:

 

Բայց Աբովյանն էլ կարծեք թե թողնում են Ծառուկյանին: Համենայն դեպս ՀՀԿ-ն պաշտպանել է նրա թեկնածությունը, իսկ կուսակցությանը չլսելու եւ առաջադրվելու համար էլ հեռացրել Ծառուկյանի հետ կոնֆլիկտով հայտնի Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Բայց, Պալաչը ՀՀԿ-ից հեռացվելուց հետո չհանեց իր թեկնածությունը եւ հայտարարեց, թե պայքարելու է: Դրանից հետո նրա անունով, հայրանունով եւ ազգանունով մեկ այլ Արթուր Հարությունյան գտնվեց, որը եւս առաջադրվեց քաղաքապետի թեկնածու: Այդ ամենն իհարկե վկայում էր կամ լուրջ պայքարի, կամ ծայրահեղ անլրջության մասին, որ ձեւավորվում էր Աբովյանի քաղաքապետի ընտրության շուրջ:

 

Այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Պալաչի եղբորն ու թիմակիցներին: Դրանից առաջ էլ մամուլում հրապարակում եղավ, որ Սերժ Սարգսյանը նրան հաղորդագրություն է հղել, որ թեկնածությունը հանի: Արդյոք Պալաչը որոշել էր չլսել Սերժ Սարգսյանին, եւ դրա համար գործի դրվեց ոստիկանությունը: Պալաչը կարո՞ղ էր ընդհանրապես առաջադրվել, գիտենալով, որ Սերժ Սարգսյանը կլինի դեմ: Դժվար է հավատալ դրան, հատկապես որ Պալաչն անկասկած լսած կլիներ Սերժ Սարգսյանի ելույթն այն մասին, թե ինքն էր ՀՀԿ-ականներին արգելել արտաբերել Դոդի Գագո մականունը: Իսկ Պալաչը նույնպես մականուն է:

 

Թեեւ, Հայաստանի դեպքում ընդհանրապես մականունի է վերածվում քաղաքականության հետ կապված ամեն ինչ, պետական կամ տեղական ինքնակառավարման կառուցների ձեւավորման հետ կապված որեւէ իրադարձություն: Նորմալ պետության պայմաններում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար անհարմար կլիներ տեղեկությունը, թե որեւէ կերպ՝ թեկուզ միջնորդավորված ուղերձ է հղել ոմն Պալաչի, իսկ Հայաստանում այդ ամենը հանդիսանում է ուժի, իշխանության նշան:

 

Դատելով հայաստանյան տեղական կամ համապետական ընտրություններում ներգրավված անձանց, իշխանության գործողությունների տրամաբանության, բնույթի տարատեսակ դրսեւորումներից, պետությունը ոչ թե Հայաստանի կարգավիճակն է, այլ մականունը:

 

Աբովյանի քաղաքապետի ընտրությունը հանդիսանում է Հայաստանում իշխանության խնդրի լուծման գործընթացի դրվագներից մեկը: Փաստացի, այդ ընտրությունը կազմակերպվում է այնպես, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի լինել Աբովյանի «գլխավոր հովանավորը», բայց արդեն «սեփականատիրոջից» վերածվի «գործադիր տնօրենի», որը նշանակովի, կատարող պաշտոն է: 

 

Այսինքն, եթե մինչ այդ Ծառուկյանի համար Աբովյանը իշխող համակարգի իր քվոտան էր, այժմ Սերժ Սարգսյանը նրա համար կազմակերպում է այնպիսի ընտրություն, որով Ծառուկյանին ցույց կտա, որ միայն իր միջամտության շնորհիվ նա կարող է հաջողություն ակնկալել մի քաղաքում, որտեղ նախկինում նրա հաջողությունը երաշխավորված էր հենց սկզբից:

 

Եթե մինչ այդ Ծառուկյանն էր նշանակում Աբովյանի քաղաքապետին, ապա այժմ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ նշանակովի են թե քաղաքապետը, թե Ծառուկյանը:

lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play