Դեկտեմբերի 18-ին կնշվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը<br />


Դեկտեմբերի 18-ին կնշվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը

  • 17-12-2010 15:22:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիվ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Էջմիածնի Գանձատնից Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Սքանչելագործ Հակոբ Մծբնա Հայրապետի Ս. Մասունքը: Տոնի առթիվ Ս. Հակոբ եկեղեցում տոնական Ս. Պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Այդ օրը Հակոբ անունը կրող անձանց անվանակոչության օրն է եւ տոնը Հակոբյան գերդաստանների: Հավարտ Ս. Պատարագի կկատարվի Հակոբ անունը կրող եւ Հակոբյան գերդաստանների օրհնության արարողություն: Հակոբ Մծբնա Հայրապետը հիվանդություններից եւ փորձություններից պահպանության բարեխոս է համարվում: Հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդվելու Ս. Մասունքին եւ արժանանալու Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի բարեխոսությանը: Ըստ Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի, Ս. Պատարագը կսկսվի ժամը 11.00-ին, օրհնության եւ Ս. Մասունքին երկրպագության արարողությունը` ժ. 12.30-ին: Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր եւ սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաեւ «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն, Սբ. Հակոբը մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին եւ Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվում է Պարսկաստան եւ որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը եւ դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են եւ կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել եւ մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` նա չի կարողացել հասնել Արարատի գագաթը եւ երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան եւ տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ եւ հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը, նա մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո նա մահացել է 350 թվականին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play