«Էկոտեխ»-ը կիրականացնի Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծումը<br />


«Էկոտեխ»-ը կիրականացնի Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծումը

  • 16-12-2010 18:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նոյեմբերի սկզբին Լեհաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն եռօրյա այցով Հայաստանում էր գտնվում Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը: «Էկոտեխ»-ը ընկերությունը խոշորագույնն է Եվրոմիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում: Եռօրյա քննարկումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ «Էկոտեխ» ընկերության միջեւ: Հուշագրի համաձայն` կողմերը պարտավորվում են ծավալել համատեղ ուսումնասիրություններ Հայաստանի տարածքում գտնվող թունաքիմիկատների վնասազերծման, ինչպես նաեւ` նոր գերեզմանոցների բացահայտման ուղղությամբ: Առաջնահերթություն կհամարվեն Կոտայքի մարզի Ողջաբերդ բնակավայրի հարեւանությամբ գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների եւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հարեւանությամբ գտնվող արսենի միացությունների գերեզմանոցները, քանի որ սրանք լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության կյանքի եւ շրջակա միջավայրի համար: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, «Էկոտեխ»-ը կիրականացնի ուսումնասիրություններ թունաքիմիկատների գերեզմանոցի տեղակայման եւ դրանում վտանգավոր նյութերի պարունակության որոշման նպատակով, կմշակի թունաքիմիկատների վնասազերծման, վտանգավոր նյութերի վերամշակման եւ չեզոքացման մեթոդներն ու ձեւերը եւ կիրականացնի վերամշակման եւ ոչնչացման աշխատանքները: Կմշակվեն նաեւ թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի վերականգմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ եւ միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play