ФСБ-ն վերահսկում է նույնիսկ ԼՂՀ դատախազությա՞նը


ФСБ-ն վերահսկում է նույնիսկ ԼՂՀ դատախազությա՞նը

  • 13-06-2015 23:23:20   |   |  Վերլուծություն
 
 
ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը կոպտորեն խախտում է օրենքները լրագրող Վահրամ Աղաջանյանի գործում: Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլի 28-ին ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ-ФСБ) ջանքերով փակված «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ թերթի գլխավոր խմբագիր Վ. Աղաջանյանի ընտանիքը դիմել է դատախազություն՝ պահանջելով անհապաղ քրեական գործեր հարուցել լրագրողի բնակարանում քրեական «բեսպրեդել» կազմակերպած ԼՂՀ պաշտոնյաների դեմ: Դիմումի պատճեններն ուղարկվել են ՀՀ և ԼՂՀ նախագահներին: Օրերս Բակո Սահակյանը հաղորդել է լրագրողի ընտանիքին, որ իրեն հասցեագրված դիմումը նույնպես ուղարկվել է ԼՂՀ գլխավոր դատախազին: Գործող օրենսդրության համաձայն, դատախազությունը 10 օրվա ընթացքում պարտավոր է պատասխանել քաղաքացիների դիմումներին: Սակայն անցել է արդեն 46 օր, բայց այս գերատեսչությունը, ինչպես ասում են, կյանքի նույնիսկ թույլ նշաններ ցույց չի տալիս. հեռախոսազանգերին չի պատասխանում, գրավոր դիմումներին չի արձագանքում: Լրագրողը համոզված է, որ գլխավոր դատախազը կատարում է Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների քաղաքական պատվերը: ԼՂՀ իշխանությունների մասին այստեղ խոսք լինել չի կարող. նրանց ինքնուրույնությանը կարող են հավատալ միայն անմեղսունակ մարդիկ: Որովհետև առանց Սերժ Սարգսյանի Բակո Սահակյանն ոչ միայն ծպտուն հանել չի կարող, նա, պատկերավոր ասած, անգամ զկռտալ չի համարձակվի:       
 
Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցները, առավոտյան ժամը 8-ին, առանց դատախազության սանկցիայի ներխուժել են լրագրողի բնակարան, անօրինական խուզարկություն իրականացրել, որի արդյունքում, մեջբերում ենք`«կալանավորել են թերթի երկու համար», որտեղ լույս են տեսել Վահրամ Աղաջանյանի հոդվածները: Նույն օրը նրան «հրավիրել» են ԼՂՀ ոստիկանություն «զրույցի», սակայն անսպասելիորեն ձերբակալել են և որևէ մեղադրանք չներկայացնելով, տեղափոխել Ստեփանակերտի մեկուսարան: 4-րդ օրը, մինչև դատավարությունն ու դատավճռի հրապարակումը, գիշերը խուց է ներխուժել «սպեցնազի» 4 դիմակավոր զինյալ, որոնք լրագրողի ձեռքերն ոլորելով և գլխին պարկ հագցնելով, տեղափոխել են նրան Շուշիի բանտ: Այնտեղ նա իմացավ, որ կալանավորված է իշխանություններին զրպարտելու մեղադրանքով: Թերթի մեկ հրապարակման առնչությամբ հարուցվել է … 2 (sic!) քրեական գործ: Աներևակայելի իրողություն աշխարհի նույնիսկ ամենահետամնաց երկրներում:
 
Անօրինական խուզարկության, կալանքի, քրեական գործերի, մեղադրանքի, իսկ հետագայում ապօրինի դատավճռի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» Վ. Աղաջանյանի հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին մշտական բնակություն հաստատել Արցախում, բայց առանց որևէ բացատրության մերժում են ստացել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է, որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն: Այս բացահայտ ստից վրդովված վանաձորցիները հանդես են եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (հոդվածի պատճեններն ուղարկվել են ՀՀ և ԼՂՀ նախագահներին): Պարզվեց, որ «Վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Ավելին. վանաձորցիների այս հրապարակումից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող հայ ընտանիք: 
 
Սակայն Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախագահ Նաիրի Հակոբյանը նշել է, թե Վահրամ Աղաջանյանը հանցագործություն է կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ակնհայտ է: Լրագրողը պատասխանել է, թե իր հրապարակմամբ ձգտել է նպաստել տասնյակ աճող ընտանիքների վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանն իրեն այդ պատճառով հանցագործ է համարում. «Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում`դատեք ինքներդ»: Այնուհանդերձ Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախագահը մնաց իր կարծիքին. նա հրաժարվեց նույնիսկ լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության տարրական պահանջները (իդեպ, օրենքը խախտած դատավորը ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի որդին է: Նա Ղարաբաղի դատավորներից միակն էր, ով համաձայնեց վարել դատը. չնայած իշխանությունների հզոր ճնշմանը, մյուս դատավորները կտրականապես հրաժարվել են մասնակցել այս խայտառակությանը): ԼՂՀ դատախազության և ԼՂՀ ռուսական համայնքի ներկայացուցիչ տիկին Իգոշկինան պահանջել է դատապարտել լրագրողին 5 տարվա բանտարկության: Սակայն Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (քրեական գործ թիվ 1-45) դատապարտել է Վ.Աղաջանյանին մեկ տարվա ազատազրկման` իշխանություններին, ավելի ստույգ Ղրիմից ԼՂՀ փախած վարչապետին զրպարտելու մեղադրանքով (այդ դատավճռի պատճեններն նույնպես ուղարկվել են ՀՀ և ԼՂՀ նախագահներին):
 
Չնայած ՀՀ և ԼՂՀ իշխանությունները զգուշացվել էին լրագրողի մոր` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած նրանց խնդրել էին հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանն որոշել է հանցագործությունն ավարտին հասցնել ու կայացնել ապօրինի դատավճիռը: Այս անմարդկային որոշման արդյունքում Վահրամ Աղաջանյանի մայրը վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես ուղարկվել է ՀՀ և ԼՂՀ նախագահներին): 
 
Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը լրագրողի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իշխանություններն անարդար են վարվել նրա հանդեպ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով Վահրամ Աղաջանյանի հետ, ընդգծել է իշխանությունների մեղքն այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են փակված թերթի գլխավոր խմբագրի անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ, ինչպես նաև փոխհատուցված չէ վնասը, որը կրել է նա ու իր ընտանիքը իրավապահների անօրինական գործողությունների արդյունքում:
 
Իրենց հակասահմանադրական գործողությունների ընթացքում իշխանությունները խախտել են Քրեական Օրենսգրքի առնվազն 7 հոդված: Դրանք են. 
Հոդված 168. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը; Հոդված 374. Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը; 
Հոդված 361. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը; 
Հոդված 362.Վկայի կամ տուժողի ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը; 
Հոդված 375. Ապացույցները կեղծելը; 
Հոդված 378.Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը; 
Հոդված 323. Պաշտոնեական լիազորություններն անցնելը: 
Կոպտորեմ խախտվել է նաև Քր.դատ.օրենսգրքի N 359 հոդվածը, համաձայն որի
«…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներառաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ նշյալ դեպքում խոսքը լրագրողի, ապօրինի դատապարտված մարդու մասին է: 
ՀՀ և ԼՂՀ իշխանությունները թույլ են տվել նաև մանր ու խոշոր մի շարք այլ իրավախախտումներ (նվաստացուցիչ վերաբերմունք բանտում, ահաբեկում, կեղծ վկայություն տալու պարտադրանք և այլն): Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից հուսահատության եզրին հասցված ՀՀ մի խումբ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար…
 
Հայկական իշխանությունների հրեշավոր հանցագործությունը լրագրողի դեմ դատապարտել են աշխարհի ոչ միայն տասնյակ պետությունների իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները, այլ նույնիսկ նրանք, ովքեր իրականացրել են այն: Վերոշարադրյալից ելնելով ու ղեկավարվելով Քր.դատ.օր-ի 187, 188, 190, 191, 192 և 193-րդ հոդվածների դրույթներով, Վ.Աղաջանյանի ընտանիքը պահանջել է անհապաղ քրեական գործեր հարուցել ԼՂՀ Ոստիկանության դեմ, որն առանց դատախազության սանկցիայի անօրինական խուզարկություն է անցկացրել իրենց բնակարանում; լրագրողի դեմ ապօրինի քրեական գործ հարուցած ԼՂՀ դատախազության ներկայացուցչի դեմ; ակնհայտ անարդար դատավճիռ կայացրած ու Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածներ խախտած Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախկին նախագահ Նաիրի Հակոբյանի դեմ:
 
Հատկանշական է, որ զրպարտության մասին հոդվածը (№ 131), որով դատել են Վահրամ Աղաջանյանին, հանված է անգամ Ղարաբաղի Քրեական Օրենսգրքից: Որովհետև նույնիսկ այստեղ են հասկացել, որ ապուշությունն էլ ինչ որ սահմաններ պետք է ունենա (եթե սա, իհարկե, ապուշություն է, այլ ոչ թե մեկ այլ երևույթ): Եթե նույնիսկ իշխանությունների մեղանդրանքները լրագրողի դեմ օրինական լինեին, գործն ամեն դեպքում պետք է վերանայվի: Այնինչ տվյալ դեպքում հանցակազմն ընդհանրապես բացակայում է: Խնդիրն այնքան պարզ է, որ անգամ հայ պաշտոնյաները, մտավոր ունակությունների թեթև լարման դեպքում, ի վիճակի են ըմբռնել գործի էությունը. ԼՂՀ դատարանը հայտարարել է, որ լրագրողի հոդվածում նկարագրված վանաձորցի վերաբնակիչների 30 ընտանիք ընդհանրապես գոյություն չունի: Վանաձորցիներն էլ հանդես են եկել մամուլում հոդվածով ու նշել, որ իրենք ոչ միայն գոյություն ունեն, այլև պատրաստ են ներկայանալ դատարան: Սակայն Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախագահը հրաժարվել է կանչել ու լսել վկաներին: Այսինքն կոպտորեն խախտել է օրենքն ու պետք է քրեական պատասխանատվություն կրի դրա համար, եթե նույնիսկ նա ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյայի ազգակից է:
 
Հիշեցնենք նաև, որ ՌԴ իշխանությունների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» թերթը գրանցված է ՀՀ տարածքում, ք. Երևանում, հայկական օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան (պետռեգիստրի վկայականի համարն է 031077336, տրված է 17.09.2007 թ.): Թերթի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև խմբագրակազմի անդամների մեծամասնությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: ФСБ-ում և ՌԴ այլ պետկառույցներում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Վահրամ Աղաջանյանն ու նրա թերթը չեն համապատասխանում հայկական ու ղարաբաղյան իրողություններին: Ինչից հետո ФСБ-ի կողմից հափշտակվել են պարբերականի բոլոր խնայողությունները բանկային հաշվից: Այս մասին Աղաջանյանների ընտանիքին հաղորդել են Մոսկվայի ու Ստեփանակերտի չափազանց լավ տեղեկացված աղբյուրները: Նրանց վկայությամբ, ՌԴ-ից իջեցված հրահանգով հայկական իշխանություններին հանձնարարվել է արգելել Վահրամ Աղաջանյանին զբաղվել իր մասնագիտությամբ, ինչն էլ արդեն  4-րդ տարին է հաջողությամբ իրականացնում են ՀՀ և ԼՂՀ իշխանությունները: 
 
Ս.թ. մարտի 17-ին Երևանում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հատուկ ընդգծել է, թե «Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է»: Իսկ ս.թ. մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը: Ղարաբաղի առաջնորդը որոշել է, այսպես ասած, եվրոպական արժեքներ «աճեցնել» հարազատ «քարանձավում»: Սակայն դատելով Վահրամ Աղաջանյանի գործից, այս օրենքը ակնհայտորեն ընդունվել է հանրապետության ոչ բոլոր քաղաքացիների համար, իսկ «ազատ խոսքի ու ազատ մամուլի երկրում» լրագրողները նախկինի պես գտնվում են քրեական հետապնդումների վտանգի տակ՝ անգամ հավաստի ու լրիվ հաստատված փաստերի հրապարակման դեպքում:
 
 
Սուսաննա ԱՂԱՋԱՆՅԱՆ
 
 
Լուսանկարում՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու «Երրորդ Ուժ Պլյուս» հայկական թերթի ֆինանսական միջոցները գողացած ФСБ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը: Որոշ տվյալների համաձայն, այս հանդիպմանը ФСБ փոխգնդապետը «քողարկված» էր լրագրողի վկայականով: Մնում է միայն կռահել, թե ինչ հարցեր են քննարկել այս անձինք իրականում…
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play