Հայ աշակերտներին անվտանգության երաշխիքներ չեն տրվել


Հայ աշակերտներին անվտանգության երաշխիքներ չեն տրվել

  • 16-06-2015 16:36:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է ԿԳՆ-ի դիրքորոշումը` հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք դպրոցականների Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի հավաքականի մասնակցության վերաբերյալ: Ասուլիսի սկզբում Արմեն Աշոտյանը ներկայացրել է նախարարության պաշտոնական հայտարարությունը,ապա տեղեկացրել, որ Հայաստանը միշտ կազմակերպում է միջազգային  մակարդակի կրթագիտական միջոցառումներ` իրականացնելով իր ստանձնած պարտավորությունները:

«Հայաստանը բազմիցս կազմակերպել է միջազգային միջոցառումներ` հրավիրելով նաև ադրբեջանական կողմին և վերջինիս տալով  պետական անվտանգության երաշխիքներ: Դրա վառ օրինակներն են` վերջերս Երևանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը, որին հրավիրվել էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը, ինչպես նաև 2012 թվականին Արևելյան գործընկերության շրջանակում նախարարական ոչ ֆորմալ հանդիպումը, որին մասնակցել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը: Մեզ մնում է միայն տարակուսանք հայտնել, երբ չի ապահովվում դպրոցական երեխաների անվտանգությունը: Մեզ հասած ստույգ տեղեկություններով` Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի հավաքականի` քիմիայի օլիմպիադային մասնակցության հարցի քննարկումը պաշտոնապես շաղկապում է Եվրոպական օլիմպիական խաղերի ավարտի հետ: Ինչպես են այդ երկու միջոցառումները շաղկապվում, չեմ կարող պատկերացնել: Վստահ եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի մեր հայտարարությանը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ հայ աշակերտները միշտ փայլուն են հանդես գալիս բոլոր միջազգային  ստուգատեսներում: «Դրա ապացույցը վերջերս Երևանում անցկացված իր բովանդակությամբ ավելի բարդ քիմիայի Մենդելեևյան օլիմպիադան էր, որին մեր մասնակիցները լավ արդյունք են ցույց տվել: Հետևաբար, քիմիայի միջազգային օլիմպիադային ևս մեր դպրոցականներն ունեին մեդալի հավակնություն, այդ պատճառով մենք բոլոր ջանքերը ներդրել էինք, որպեսզի  գնանք Բաքու: Այդ նպատակով ես մի քանի անգամ զրուցել եմ քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողների և նրանց ծնողների հետ, նրանց հայտնել իմ մասնակցության պատրաստակամությունը` որպես հավելյալ հոգեբանական գործոն:  Ծնողներին, իհարկե, դժվար էր տրվել իրենց երեխաներին Բաքու ուղարկելու որոշումը, բայց արդյունքում` մենք ունեինք ձևավորված թիմ, որն անցել էր բոլոր նախապատրաստական աշխատանքները: Բաքվի այս որոշումը միայն ապացուցեց, թե որքան  տարբեր են մեր պետություններն անգամ ամենատարրական հարցերում, ինչպես երեխաների նկատմամբ վեաբերմունքն է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ պատրաստվում է նամակով և կից հայտարարությամբ դիմել միջազգային կառույցներին` ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ԵԽ-ին և Եվրահանձնաժողովին, որպեսզի վերջիններիս տեղեկացնի Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին` նրանց կոչ անելով  կրթագիտական միջազգային ֆորումներ և օլիմպիադաներ Բաքվում այլևս չկազմակերպել, քանի որ  դրա հետևանքով Հայաստանի ներկայացուցիչները զրկվում են դրանց մասնակցելու  հնարավորությունից:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play