Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

  • 19-06-2015 17:42:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վաշինգտոն- Նախորդ շաբաթ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի 20 հոգանոց պատվիրակությունն այցելել է Հայաստան: ԵՀԽ պատվիրակությունը առաջինն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` որպես խմբի ամենամյա էկումենիկ ուխտագնացություն: Էջմիածնում պատվիրակությունը գործնական հանդիպումներ է ունեցել ԵՀԽ նախագահ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, որտեղ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությունը:
 
ԵՀԽ գործադիր կոմիտեն Էջմիածնում, Հայաստան: Լուսանկարը` Քրթեսի Մարիան Էդջերսթեն/ԵՀԽ
 
 «Միևնույն պատմական և քաղաքական համատեքստում Հայոց ցեղասպանությունն ուղեկցվել է հիմնականում քրիստոնեական, այդ թվում` արամեական, խալդիական, սիրիական, ասորական և հունական համայնքների դեմ ցեղասպան գործողություններով, որոնք 20-րդ դարի սկզբին սևացրել են պատմության էջերը»,-ասվում է հայտարարության մեջ:
 
«Ժխտումը, անպատժելիությունը և նման դեպքերը մոռացության մատնելը խրախուսում են դրանց կրկնությունը: Նրանք, ովքեր մերժում են, սպառնում քրոջ կամ եղբոր կյանքին և արժանապատվությանը, խաթարում և ոչնչացնում են թե՛ զոհի, թե՛ սեփական մարդկային կերպարը: 100-րդ տարելիցի հիշատակի այս արարողությունները պետք է նշանավորեն այն, որ անցել են ժամանակները, երբ կառավարությունները շարունակում են ցեղասպանություն չորակել այն, ինչը  տեղի է ունեցել մեկ դար առաջ: Կոչ ենք անում բոլոր կառավարություններին հրաժարվել ժխտման այդ դիրքորոշումից»:
 
«Այս 100-րդ տարելիցին կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵՀԽ անդամ եկեղեցիներին և հավատացյալ ու բարի կամքի տեր բոլոր մարդկանց հիշել և վերստին բռնել ցեղասպանությունների ու մարդկության դեմ բոլոր հանցագործությունների կանխարգելման ուղին»:
 
Պատվիրակության անդամներն Էջմիածնից ժամանեցին Երևան` հարգանքի տուրք մատուցելու Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում: Այնտեղ նրանք աղոթեցին և ծաղկեպսակ դրեցին` ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված 1.5 միլիոն հայորդիների:
 
 
ԵՀԽ պատվիրակության անդամներն աղոթում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
 
 «Շարունակելով ընթանալ ժամանակից առաջ, 1983 թ-ից ի վեր ԵՀԽ-ն պարբերաբար միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նշել է ԱՄՆ-ի Հայաստանյայց ուղղափառ եկեղեցու էկումենիկ գրասենյակի գործադիր տնօրեն և թեմական պատվիրակ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: «Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Գերաշնորհ Օլավ Ֆյուկսե Թվեյթի ու ողջ ԵՀԽ գործադիր կոմիտեի աշխատանքը: Երախտապարտ ենք նրանց՝ Հայաստան այցելության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավուր պատշաճի հիշատակելու համար»,- ասաց արքեպիսկոպոս Այքազյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play