Դոկտ. Ալենուշ Տերյանը արժանացավ Հայաստանի Վիկտոր Համբարձումյանի անվան շքանշանի եւ պատվոգրերի


Դոկտ. Ալենուշ Տերյանը արժանացավ Հայաստանի Վիկտոր Համբարձումյանի անվան շքանշանի եւ պատվոգրերի

  • 14-12-2010 16:54:27   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն
Դոկտ. Ալենուշ Տերյանին Թեհրան, Իրանի Իսլ. Հանրապետություն Սիրելի դոկտ. Տերյան, Անկեղծորեն եւ մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր կյանքը սիրած գործին եւ հայրենիքին անմնացորդ նվիրվելու վառ օրինակ է: Ծնված լինելով բարեկամական Իրանում եւ լինելով փոքրամասնության ներկայացուցիչ՝ դուք բոլոր հնարավորություններն ունեցել էք՝ ավարտելու Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետը, աշխատել այդ ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, ապա սովորել Սորբոնի համալսարանում եւ դառնալ փիլիսոփայության դոկտոր, մերժել այդ համալսարանում մնալու առաջարկն ու ծննդավայրին ծառայելու պատրաստակամությամբ վերադառնալ Թեհրան: Լինելով Իրանի առաջին կին ֆիզիկոսը, որը դարձել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, երկար տարիներ որպես հետազոտող՝ աշխատել էք այդ համալսարանի երկրաֆիզիկայի բաժնում, նշանակվել այդ համալսարանի երկրաֆիզիկայի բաժնի արեւային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ եւ մեծ դեր խաղացել Արեգակի հետազոտությունների կայանի հիմնադրման մեջ, առաջինն սկսել դասավանդել աստղաֆիզիկայի դասընթացը, դուք շատ մեծ դեր էք ունեցել Իրանում ֆիզիկայի եւ աստղագիտության զարգացման բնագավառում՝ անգնահատելի դեր կատարելով նաեւ հայ փոքրամասնությանը Իրանի Իսլ. Հանրապետության մտավորականության առաջին շարքերում ներկայացնելու մեջ: Որպես Իրանի նվիրված քաղաքացի եւ հայ ազգի արժանավոր զավակ՝ դուք արել էք ամեն ինչ, որպեսզի ծառայեք եւ՛ Ձեր երկրին, եւ՛ Ձեր ազգին: Դրա վկայություններն են այն, որ դուք Ձեր բնակարանը կտակել էք Նոր Ջուղայի հայերին եւ ուսանողներին, որ Իրանի հեռուստատեսությունը «Իմաստուններ» խորագրի տակ Ձեր մասին շարժանկար է ստեղծել՝ «Դեպի արեւ» վերնագրով, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գնահատագրի եւ շքանշանի է արժանացրել Ձեզ: Այս ուղերձով Հայաստանի գիտնականների կողմից եւս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ եւ ցանկանում առողջություն եւ երկար տարիների կյանք, որպեսզի դեռեւս երկար կարողանաք վայելել Ձեր սիրելի ծննդավայրի հետագա նվաճումներն ու խոր հարգանքը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մ. Մարտիրոսյան Աստղագետ-ֆիզիկոս դոկտ. Ալենուշ Տերյան: Անուն, որը իրանական երկնակամարից անցնելով՝ այսօր փայլում է հայաստանյան գիտական երկնատարածքում՝ արժանանալով աստղաֆիզիկոս պրոֆ. Վիկտոր Համբարձումյանի անվան հուշամեդալի: Թվականիս դեկտ. 9-ի առավոտյան Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, դեսպանության խորհրդական Սուրեն Գասպարյանի, Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերության նախագահ Անետ Այվազյանի եւ փոխնախագահ Այիդա Յահինյանի, «Պայման» եռամսյայի գլխավոր խմբագիր Արմինե Առաքելյանի եւ «ՀՈՒՍԿ» հաստատության ներկայացուցիչների ընկերակցությամբ, այցելեց Իրանի աստղաֆիզիկայի մայր դոկտ. Ալենուշ Տերյանին: «Թոհիդ» տարեցների տանը կազմակերպված այցի նպատակն էր դոկտ. Ալենուշ Տերյանին փոխանցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հղած շնորհավորական ուղերձը՝ դոկտ. Տերյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, այդ առիթով համաշխարհային հռչակ վայելող հայազգի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշամեդալը, ինչպես նաեւ աստագիտության ոլորտում նշանակալից ավանդի եւ իրանահա համայնքի անունը բարձր պահելու համար դոկտ. Տերյանին ուղղված ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիրը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի ստորագրությամբ: Ջերմ ողջույններից ու բարեմաղթանքներից հետո՝ դեսպան Գրիգոր Առաքելյանն իր ուրախությունը հայտնեց դոկտ. Ալենուշ Տերյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ՝ կրկին շնորհավորելով նրան այդ առիթով եւ նրան հանձնելով պատվոգրերն ու հուշամեդալը: Վիկտոր Համբարձումյանի անունը լսելիս՝ մահճակալին գամված դոկտ. Տերյանի աչքերում երեւացին արցունքի կաթիլներ եւ նա իր դողդոջուն ձեռքերով պահելով հուշամեդալը՝ հուզումնալից ձայնով անընդհատ կրկնում էր «Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար. ինչպե՞ս եմ կարող փոխարինել այս բոլորը»: Հանդիպման ավարտին «Թոհիդ» տարեցների տան տնօրեն ճրտ. Հոսեյնին նշեց, որ մեծ պատիվ է խնամելու Ալենուշ Տերյանի նման մի հեղինակությանը, որը որպես հայ՝ ոչինչ չի խնայել Իրանի վերելքի ճանապարհին եւ բարձր գնահատեց այցի նախաձեռնությունը: ԹՂԹԱԿԻՑ՝ Կ.ԴԱՎԹԵՍՆ «ԱԼԻՔ» օրաթերթ 14 դեկտեմբերի 2010 թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն