Ռուսական կողմը բռնել է Հայաստանի տնտեսության ամենացավոտ տեղից.Մեկնաբան


Ռուսական կողմը բռնել է Հայաստանի տնտեսության ամենացավոտ տեղից.Մեկնաբան

  • 06-07-2015 09:40:57   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայաստանի էլցանցեր ընկերությունը հայց է ներկայացրել Հայաստանի երեք ընկերությունների դեմ, նրանցից պահանջելով իր պարտքը: Խոսքը Գլենդել Հիլզ ընկերության, Վանաձորի քիմկոմբինատի եւ Նաիրիտի մասին է: ՀԷՑ-ը նրանցից պահանջում է իր պարտքը, եթե չվճարեն, ստիպված կլինեն հայտարարվել սնանկ:

 

ՀԷՑ-ին Հայաստանում պարտք են մի քանի այլ խոշոր ընկերություններ, որոնց դեմ հայցի մասին ընկերությունը դեռ չի ասում ոչինչ:

 

Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը հայտնվում է հետաքրքիր վիճակում: ՀԷՑ-ը միլիարդներ է պարտք տնտեսությանը՝ էներգաարտադրող ընկերություններին, միաժամանակ տնտեսությունն էլ միլիարդներ է պարտք ՀԷՑ-ին:

 

Էլէկտրաէներգիայի թանկացումը պետք է որոշակի լուծում լիներ, եւ ՀԷՑ-ը հայցեր չէր ներկայացնի իրեն պարտք ընկերությունների դեմ: Սակայն այստեղ կարծեք թե ինչ որ բան այնպես չի գնում, Բաղրամյանի շարժումը խառնեց ծրագրերը, ներկայում այդքան էլ պարզ չէ, թե ով եւ ինչպես պետք է փոխհատուցի ՀԷՑ-ի կուտակած պարտքը, բայց այն, որ ՀԷՑ-ը հիշել եւ դատական հայցեր է ներկայացնում իրեն պարտք եղածների մասով, վկայում է, որ իրավիճակը փակուղային է եւ ոչ ոք չի ուզում դրա համար պատասխանատվություն ստանձնել:

 

Հայտարարվել է ՀԷՑ աուդիտի վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածության մասին: Հայաստանի իշխանությունն ըստ երեւույթին հույս ունի ապացուցել ՀԷՑ-ի վատ կառավարումն ու պատասխանատվությունը դնել ընկերության ղեկավարության վրա: Ինտեր ՌԱՈ ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ պատճառը ոչ թե վատ կառավարումն է, այլ վատ կարգավորումը, այսինքն՝ Հայաստանում է պատճառը: ՀԾԿՀ-ն ի պատասխան հայտարարել է, որ հայաստանյան կարգավորող օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ պետք չէ սեփական թերությունը թողած փնտրել արդարացումներ:

 

Սակայն, Ինտեր ՌԱՈ ղեկավարության հայտարարությունը «քաղաքական ակնարկ» է, որի իմաստն այն է, որ ստեղծված իրավիճակը ոչ թե ՀԷՑ-ում գողության հետեւանքն է, այլ ՀԷՑ-ում գողությունը Հայաստանի իշխանության հաստատած կանոնների հետեւանքն է, եւ եթե Հայաստանի իշխանությունը պահանջեր եւ սահմաներ խաղի օրենսդրական կանոններ, ապա իրենք կաշխատեին դրա շրջանակում:

 

Դրա համար էլ ՀԷՑ-ը որոշել է դատարան դիմել հայկական ընկերությունների իրեն ունեցած պարտքի մասով: «Ուզում եք օրենքով՝ թող լինի օրենքով», պաշտոնական Երեւանին ասում է ՀԷՑ-ը:

 

Իսկ այն ընկերությունների հետեւում, որոնք պարտք են ՀԷՑ-ին, կանգնած է Հայաստանի իշխող քրեա-օլիգարխիկ համակարգի այս կամ այն ներկայացուցիչը: Այսինքն, ՀԷՑ-ը Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգի դեմ է ներկայացնում սնանկացման հայց, ակնարկելով, որ հայցերը կարող են շարունակվել: Եթե ՀԷՑ-ը սկսի պահանջել Հայաստանի տնտեսության իրեն ունեցած պարտքը, ապա դա կարող է իսկապես սնանկացնել Հայաստանը: Ընդ որում, տնտեսությունը ՀԷՑ-ին ունի գրված ու չգրված պարտքեր, սեւ եւ սպիտակ հաշվարկներով: Այսինքն, կան պարտքեր, որոնք չեն արձանագրված իրավականորեն, բայց այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային պատկանող բիզնեսը պարզապես չի վճարել էկեյտրաէներգիայի համար կամ քիչ է վճարել:

 

Եթե ՀԷՑ-ը ներկայացնի այդ բոլոր սեւ կամ սպիտակ հաշիվները, ապա Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգը կհայտնի դեֆոլտում: Ռուսական կողմը փաստորեն բռնել է Հայաստանի տնտեսության ամենացավոտ տեղից, հաշվի առնելով, որ տնտեսություն ասվածը մի ամբողջական կոռուպցիոն հսկա սխեմա է: Բավական է այդ սխեմային ներկայացնել օրինական պահանջներ, եւ այն կքանդվի: Կքանդվի նաեւ դրա հետ միասին ՀԷՑ-ը՝ սխեմայի մի մասը, բայց դա իհարկե մխիթարություն չի կարող լինել քրեա-օլիգարխիայի համար: Առավել եւս, որ ՀԷՑ-ն ունի ազդեցիկ հովանավոր Ռուսաստանում:

 

Բացառված չէ, որ ՀԷՑ-ի հայցը կապ ունի նաեւ սեփականատիրոջ հնարավոր փոփոխության գործընթացի հետ, եւ հնարավոր նոր գնորդը ոչ միայն աուդիտի պայման է դրել, այլ նաեւ բոլոր պարտքերը վերադարձնելու:

 

Բացառված չէ նաեւ, որ ՀԷՑ հայցերի միջոցով Հայաստանի իշխանությունը այսպես ասած «ձեւակերպում» է այն արտքային բեռը, որ վերցրել է իր վրա Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի որոշմամբ եւ այդ ձեւակերպումով բեռը կվճարեն ՀԷՑ-ին պարտք ընկերությունները:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play