Կասեցվել են «Արարատմիլկ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթներ


Կասեցվել են «Արարատմիլկ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթներ

  • 09-07-2015 17:08:21   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «Արարատմիլկ» ՍՊԸ-ի ապխտած «սուլուգունի պանիր» և «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը:

«Արարատմիլկ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման և անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերված սննդամթերքը ճանաչվել է վտանգավոր, մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից արտադրված «սուլուգունի պանիր» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, իսկ կաթի սերը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին: Հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով «Արարատմիլկ» ՍՊԸ-ին հանձնարարվել է «սուլուգունի պանրի» և «կաթի սերի» արտադրությունը համապատասխանեցնել Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և նշված արտադրատեսակները կրկին ներկայացնել լաբորատոր փորձաքննության: Արտադրողին միաժամանակ կարգադրվել է 30.05.2015թ արտադված 20 կգ ապխտած սուլուգունի պանրի և 29.06.2015թ արտադրված 12 կգ կաթի սերի խմբաքանակները շուկայից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2015 թվականի հուլիսի 30-ը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ որոշմամբ՝ «Արարատմիլկ» ՍՊԸ-ում սննդի շղթայի չորս աշխատակիցների չի թույլատրվի աշխատել, մինչև սահմանված կարգով չենթարկվեն պարտադիր բժշկական զննության. պարզվել է, որ աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության և չունեն անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում արգելվում է աշխատել սննդի շղթայում:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play