«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները պետք է ինտենսիվացնել». Սերգեյ Լավրով


«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները պետք է ինտենսիվացնել». Սերգեյ Լավրով

  • 17-07-2015 17:53:55   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Անակնկալ այցով Մոսկվայում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները պետք է ինտենսիվացնել:

 

Ռուս նախարարը, հաշվի առնելով արդյունքի նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունն ու նպատակաուղղվածությունը, հայտարարել է, որ «կարող ենք ապահովել այդ առաջընթացը»: Իր կողմից Մամեդյարովն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ ղարաբաղյան խնդիրն էլ կարող է լուծվել: «Կարգավորումը դրվում է շուտափույթ ճեղքման ռելսերի վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 

Օրերս Մոսկվայում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վեդոմոստիին հարցազրույցում կարեւոր հայտարարություններ է արել: Նա ասել է, որ ԱՄՆ-ն աշխատելու է Ռուսաստանի հետ, որպեսզի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չխախտվի, եւ ռազմական գործողություններ թույլ չտրվեն: Հարցազրույցի ժամանակ նա բազմիցս հայտարարել է, որ առնվազն ղարաբաղյան խնդրում Մոսկվան ու Վաշինգտոնը համագործակցում են:

 

Այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան խնդիրը Մոսկվայի եւ Վաշինգտոնի համատեղ օրակարգում առաջնահերթություններից մեկն է դառնում: Իրանական գործարքի կնքումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց Պուտինի պայմանավորվածությունը չէր լինի: Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ իրանական գործարքն Օբամայի քաղաքականության հաջողությունն է:

 

Համաշխարհային մամուլում ակնարկներ են հայտնվել Մոսկվայի ու Վաշինգտոնի հավանական համագործակցության մասին: Ամսվա սկզբին այդպիսի մտադրությունների մասին ազդանշաններ են հնչել Մոսկվայից, եւ ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, որոշել է պատասխանել այդ ազդանշաններին: Օրինակ, տեղեկություն է տարածվել, որ Իրանի միջուկային գործարքին Ռուսաստանի համաձայնության դիմաց ԱՄՆ-ը համաձայնվել է Ուկրաինային զենք չմատակարարել: Հիմա, հավանաբար եկել է ղարաբաղյան խնդրի հերթը:

 

Փորձագետները կարծում են, որ Ղարաբաղում ու տարածաշրջանում ներկայիս խաղաղ ստատուս-քվոն հիմնականում պահպանվում է Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ հակասությունների եւ նույնիսկ առճակատման միջոցով: Սակայն ժամանակները փոխվել են, Իրանի վրայից հանվել են պատժամիջոցները, փոխվում է աշխարհքաղաքականությունը, եւ եթե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարողանան համաձայնեցնել դիրքորոշումները, ապա ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն իրապես հարկ կլինի ինտենսիվացնել:

 

Առավել եւս, որ Ադրբեջանը հայտնվել է ծանր վիճակում Իրանի դեմ պատժամիջոցները հանելուց հետո, եւ հիմա Բաքվում խիստ շահագրգռված են ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծմամբ, թեկուզ մադրիդյան սկզբունքների հիման վրա:

 

Լավրովը Նալբանդյանին Մոսկվա կկանչի՞:

lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play