Հայաստանցի հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն


Հայաստանցի հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն

  • 18-07-2015 18:03:05   | Հայաստան  |  Սպորտ
Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում(40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում ու ի պատիվ Էդգար Ստեփանյանի՝ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու ծածանվել Եռագույնը:
 
Մրցաշարում գերազանց են հանդես եկել նաեւ մեր մյուս ներկայացուցիչները՝ Մհեր Մկրչյանն ու Պավել Ստեփանյանը: նախորդող շրջանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ՝ թիմը փայլուն աշխատանք է կատարել Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում ու փաստորեն կարճ ժամանակում գոհացուցիչ արդունքի հասել: Հավաքականի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի նաև թիմի մեխանիկ Արսեն Բորյանն իր գրագետ աշխատանքով:
 
Փայլուն հաղթանակի առթիվ մեր մարզիկներին շնորհավորել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մաղթել նորանոր հաղթանակներ և հավաստիացրել, որ չեն բավարարվի միայն այս ձեռքբերումով, տեղում չեն դոփի և կբազմապատկեն ջանքերը՝ հաջորդ մրցաշարերին ևս պատշաճ մասնակցելու համար:
 
Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայիցհայտնում են՝ Հայաստանի հավաքականն իր վաստակած ոսկե մեդալով հայրենիք կվերադառնա այսօր՝ հուլիսի տասնութին, կեսգիշերին մոտ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play