Հայաստանը Նախիջեւանի ուղղությամբ վերականգնում է այն, ինչը պատկանում է իրեն.Մկնաբան


Հայաստանը Նախիջեւանի ուղղությամբ վերականգնում է այն, ինչը պատկանում է իրեն.Մկնաբան

  • 22-07-2015 18:23:57   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 21-22-ին այցելել է հարավ-արեւմտյան սահմանագոտի, այցելել առաջնագիծ, գիշերը մնացել այնտեղ: Ուշագրավ է, որ դա եղել է այն ժամանակահատվածում, երբ Արցախի Մարտունու եւ Ասկերանի ուղղությամբ Ադրբեջանն ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը:

 

Հարավ-արեւմտյան սահմանային ուղղությունը Նախիջեւանի ուղղությունն է: Սեյրան Օհանյանը վերջին օրերին այդ ուղղության զորամասեր եւ դիրքեր է այցելում արդեն երկրորդ անգամ: Մի քանի շաբաթ առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց, որ հայկական զինուժը Նախիջեւանի ուղղությամբ նոր դիրքեր է զբաղեցրել: Այդ մասին տեսանյութը հայտնվեց այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Նախիջեւանի ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետեւանքով բռնկված մարտում հայկական կողմը Ադրբեջանի զինուժին պատճառելով կորուստներ, ինքն էլ տվել էր մեկ զոհ:

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր հաստատել ու չէր հերքել նոր դիրքեր զբաղեցնելու մասին տեղեկությունը, միաժամանակ ակնարկելով, որ հայկական կողմն ամրապնդում է իր պաշտպանությունն այն տարածքներում, որոնք Հայաստանի սահման են անգամ ԽՍՀՄ ժամանակի բոլոր քարտեզներով:

 

Այլ կերպ ասած, դա հայտարարություն էր այն մասին, որ Հայաստանը Նախիջեւանի ուղղությամբ վերականգնում է այն, ինչը պատկանում է իրեն:

 

Ահա այդ համատեքստում Սեյրան Օհանյանի վերջին օրերի հաճախակի այցերը Նախիջեւանի հետ սահմանագոտի ուշագրավ են:

 

Նախիջեւանն Արցախի հակամարտության եւ տարածաշրջանային ստատուս-քվոյի որոշակիորեն ստվերում գտնվող, բայց շատ կարեւոր գոտի է: Նախիջեւանը փաստացի «ներթափանցած» է Հայաստանի թիկունք: Պատահական չէ, որ Ռուսաստանից ձեռք բերված զանգվածային ոչնչացման սպառազինության՝ Սմերչի խմբաքանակի մի մասն Ալիեւը տեղակայել է Նախիջեւանում: Ուղիղ գծով Սմերչի հասանելի տիրույթում են Հայաստանի ամենախիտ բնակեցված Արարատյան դաշտն ու մայրաքաղաք Երեւանը: Անկասկած է, որ Նախիջեւանում տեղակայված Սմերչի թիրախում Երեւանն է, որը հավանական պատերազմի դեպքում կստանա հարված թիկունքից:

 

Ըստ ամենայնի, Հայաստանի զինուժը ներկայում փորձում է լուծել Հայաստանի թիկունքի ապահովման խնդիրը, մարտավարական խնդիրներ լուծելով Նախիջեւանի ուղղությամբ: Այսինքն, Նախիջեւանը առավելագույնս վերահսկողության, դիտարկման տակ վերցնելու:

 

Դա կկրի կանխարգելիչ եւ զսպող բնույթ: Հայաստանի զինված ուժերը փաստորեն ներկայում զբաղված են Արարատյան դաշտն ու Երեւանը պաշտպանելու ռազմավարական խնդրի լուծմամբ: Այդ խնդրի բարեհաջող լուծումն ու Նախիջեւանի «սանձը քաշած» պահելը զգալիորեն կթուլացնի թե Հայաստանին թիկունքից սպառնացող վտանգը, թե նաեւ ծավալուն ռազմական գործողությունների ադրբեջանական մտադրությունը:

 

Փաստացի, Հայաստանի զինված ուժերը ներկայում հարավ-արեւմտյան սահմանային ուղղությամբ զբաղված են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման գործով, ինչը էական նշանակություն ունի թե Հայաստանի, թե միջազգային անվտանգության համակարգի համար:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play