Կառավարությունը հորդորում է արդյունավետ օգտագործել մարզերի տնտեսական ներուժը


Կառավարությունը հորդորում է արդյունավետ օգտագործել մարզերի տնտեսական ներուժը

  • 23-07-2015 14:35:23   | Հայաստան  |  Տնտեսություն

 







Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել ստուգումների կազմակերպման և անցկացման կառավարության 594 Ա որոշման մասին և նպատակահարմար եմ գտնում, որ այն վերանայվի: Ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, այնուհետ տեսչությունների թվաքանակի կրճատումը և դրանց արմատական վերափոխումը` hանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն: Կարծում եմ, մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին և այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները և նվազագույնի հասցնենք բոլոր կարգի ստուգումները», - եզրափակել է վարչապետը:


 


Կառավարությունը հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը:
Հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը:
Հավանություն է տրվել նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից բխող 2015-2017թթ. միջոցառումների ծրագրին:
Սահմանվել են սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը, կերերի և կետային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կերերի համակարգերի ներդրման ժամանակացույցը, ուժը կորցրած են ճանաչվել կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1228-Ն և 1230-Ն, 2007թ. մայիսի 3-ի թիվ 531-Ն որոշումները: Արդյունքում կապահովվի «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» ՀՀ օրենքների համապատասխան պահանջների կատարումը:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play