Հայաստան են ժամանելու ռուսական «Գիշերային գայլեր»-ը. Մեկնաբան


Հայաստան են ժամանելու ռուսական «Գիշերային գայլեր»-ը. Մեկնաբան

  • 27-07-2015 17:45:54   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Տեղեկություն է տարածվել, որ Հայաստան են ժամանում ռուսական «Գիշերային գայլեր» անունը կրող բայքերական խմբավորման ներկայացուցիչները, որոնք մոտովազքով անցնելու են Երեւանով, լինելու են Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիրում, հետո այցելելու են Արցախ:

 

«Գիշերային գայլերին» Հայաստանի սահմանին դիմավորելու է Ռուսաստանի հայերի միությունը:

 

Պետք է ենթադրել, որ հենց միությունն էլ հղացել է «Գիշերային գայլերը» Հայաստան բերելու գաղափարը: Ասում են, թե նրանք մոտավազք են անցկացնում ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:

 

Ռուսաստանի հայերի միության նախագահը հայտնի Արա Աբրահամյանն է: Նրա ստեղծած այդ միությունը ավելի շատ ծառայում է Ռուսաստանի իշխանությանը, քան Ռուսաստանի հայերին եւ Հայաստանին: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ ստացավ Ռուսաստանի իշխանությանը, նախագահ Պուտինին կից պաշտոններ: Ըստ երեւույթին Աբրահամյանը նոր պաշտոնում փորձում է դրսեւորվել նոր խանդավառությամբ եւ «Գիշերային գայլերի» հայաստանյան մոտովազքը դրա արգասիքն է: Առավել եւս, որ «գայլերը» վայելում են ՌԴ նախագահ Պուտինի ընկերությունն ու աջակցությունը եւ հանդիսանում են ռուսական մեծապետականության ոչ պաշտոնական դրոշակակիրներից եւ գաղափարակիրներից մեկը:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հայաստանն անցկացրեց առանց ռուսական մեծապետականության հովանու: Ավելին, այդ միջոցառումները Հայաստանում դարձան մի շարք ուշագրավ, հետաքրքրական, փաստացի մտածողության, արժեքների եւ աշխարհընկալումների տեսանկյունից հեղափոխական իրադարձություններով:

 

Երեւանում էր արեւմտյան շոու-բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը, որի ամուսնու՝ Քանյե Վեսթի հանպատրաստից համերգը Կարապի լճում Հայաստանում թերեւս մշակութային-աշխարհայացքային եւ արժեքային շոկային թերապիա էր: Հետո տեղի ունեցավ գերմիջոցառումը՝ SOAD խմբի համերգը Երեւանում, որը հորդառատ անձրեւի տակ պահում էր տասնյակ հազա հայաստանցիների, հիմնականում երիտասարդների: Երեւանի կենտրոնում SOAD ոգու եւ ռիթմի ներքո հորդառատ անձրեւի տակ ոչ թե թրջվում, այլ կոփվում էր նոր Հայաստանի ռեսուրսը:

 

Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի պաշտոնական պատվիրակություններում ամենաբարձր մակարդակով ներկայացված երկրների շարքում ավելին էին Եվրամիության, քան Եվրասիա-ռուսական միության նախագահները, թեեւ Հայաստանը հենց այդ միության անդամ է:

 

Այդ ամենը ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանի եւ հայության համար ակամա վերածեցին գաղութատիրությունից, պատմա-բարոյական կապանքներից ու կարծրատիպերից, միակ բարեկամների ու փրկիչների միֆերից ազատ լինելու յուրօրինակ ակցիայի, կամա, թե ակամա:

 

100-րդ տարելիցի կապակցությամբ ռուսական մեծապետականության խորհրդանիշ «Գիշերային գայլերի» մոտովազքը կոչված է վերականգնելու Ռուսաստանի տեսանկյունից «պատմական անարդարությունը» եւ ցույց տալու, որ Հայաստանի համար ոչ մի կարեւոր բան չի կարող լինել Ռուսաստանի կայսերական հովանուց դուրս: Այլապես էլ ինչի՞ համար է օրինակ Արա Աբրահամյանը ստանում Պուտինին կից պաշտոնները:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play