Քննարկվել է ENPARD ծրագրի իրականացման ընթացքը


Քննարկվել է ENPARD ծրագրի իրականացման ընթացքը

  • 30-07-2015 16:43:53   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի  (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներ Բաբկեն Բաբայանին և Սևերին Օմանին: Հանդիպման նպատակն էր քննարկել«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի կատարման ընթացքը:
 
Հանդիպման սկզբին նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման համար:
 
«Այս ծրագրով ոչ միայն բարենպաստ պայմաններ կստեղծվեն մեր երկրում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ու զարգացման համար, այլև այն խթան կհանդիսանա ոլորտի ընդհանուր զարգացման համար», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
 
Հյուրերի տեղեկացմամբ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD)իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակում, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում,  ստացվել է  թվով 190 հայտադիմում: Հայտատուները հիմնականում ցանկություն են հայտնել ծրագրի շրջանակում տրամադրվող միջոցներով զբաղվել մասնավորապես հնդկացորենի, հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև մեղրի առաջնային արտադրությամբ: 
 
Ծրագրի համակարգող անձնակազմի անդամները շեշտել են, որ հայտադիմումների ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվելու է  նրանց, ովքեր ցանկություն են հայտնել մշակել բարձրարժեք և ոչ ավանդական մշակաբույսեր: Ծրագրի արդյունավետության ապահովման համար հետագայում նախատեսվում է  կազմել առանձին բիզնես-պլաններ, որոնց հիման վրա կիրականացվի յուրաքանչյուր հայտատուի ֆինանսավորումը:
 
Այս առումով նախարարը ընդգծեց ծրագրի շրջանակում դիվերսիֆիկացված գյուղմթերքի, պանրի եվրոպական տեսակների արտադրության, հատապտղի նոր այգիների հիմնման խթանումը և հակակարկտային ցանցերի ներդրման կարևորությունը:
 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ նախարար Սերգո Կարապետյանը նաև առաջարկեց հետագա ծրագրերում հնարավորության դեպքում ներառել մեղվաբուծության զարգացմանը, ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրմանը, ոռոգման կաթիլային համակարգերի կիրառմանը վերաբերող բաղադրիչներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play