Չինովնիկների համար շինարարությունը մնում է խոշորածավալ յուրացումների «հարմար» ոլորտ


Չինովնիկների համար շինարարությունը մնում է խոշորածավալ յուրացումների «հարմար» ոլորտ

  • 07-12-2010 18:15:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը իր ցավակցություններն է հայտնում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղին ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքով զոհվածների հարազատներին: Այս կապակցությամբ հերթական անգամ «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը իր մտահոգությունն է հայտնում աղետի գոտում տիրող բարձիթողի վիճակի համար: Քանի դեռ իշխանական վերնախավի ներկայացուցիչները տարեցտարի ժառանգաբար փոխանցում են նույն խոստումները, հազարավոր ընտանիքներ շարունակում են սերունդներով իրենց գոյությունը պահպանել տնակներում: Բոլորիս քաջ հայտնի է, որ մինչեւ ուղնուծուծը կոռումպացված չինովնիկների համար շինարարությունը մնում է խոշորածավալ յուրացումների իրականացման առավել «հարմար» ոլորտ, բայց հատկապես նողկալի է, որ դա շատ դեպքերում արվում է սոցիալապես առավել խոցելի խավերի հաշվին: Հիշենք Հայաստանի որբ երեխաներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում բյուջետային միջոցներից միլիոնավոր դոլարների խայտառակ յուրացումների պատմությունը, որոնք բացահայտել էր «Ժառանգություն» կուսակցությունը: Ասվածի մասին վկայում են նաեւ Վերահսկիչ պալատի կողմից պետական բյուջեի հաշվին քաղաքաշինության ոլորտում բազմաթիվ յուրացումների բացահայտումների դեպքերը: «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է Կառավարությունից` ապամենաշնորհացնելով եւ պետական մասշտաբի կոռուպցիայից ազատելով շինարարության ոլորտը, իրական քայլեր ձեռնարկել աղետի գոտու վերականգնման աշխատանքների կապալառուներին ընտրելու թափանցիկ մրցույթների միջոցով, ապաեւ` վերահսկել հատկացվող անհրաժեշտ միջոցների ծախսման արդյունավետությունը եւ առաջիկա ամիսներին վերջնական լուծում տալ աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների հարցին: Վերահսկիչ պալատից եւ իրավապահ մարմիններից պահանջում է պարզել աղետի գոտու վերականգնման նախորդ տարիների ծրագրերի տապալման պատճառները եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին: «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միություն «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն 7 դեկտեմբերի 2010թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն