Ուսումնասիրվում է Հայաստանում ջրային ավազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարավորությունը<br />


Ուսումնասիրվում է Հայաստանում ջրային ավազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարավորությունը

  • 07-12-2010 14:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստան փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ջրային թիմի պատվիրակությանը` Ռիչարդ Վոլքի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Փոխվարչապետին ներկայացվեց, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջարկը, թիմը ուսումնասիրում է Հայաստանում ջրային ավազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարավորությունները: Նման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործել հիդրոէներգետիկ, ոռոգման եւ այլ նպատակներով: Թիմը եղել է Սյունիքի մարզում, ծանոթացել ջրային պաշարները հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործելու խնդրին: Ընդգծելով ոլորտի կենսական նշանակությունը, Ա.Գեւորգյանը կարեւորեց ջրային պաշարների գնահատումը առաջիկա տարիների համար ջրօգտագործման քաղաքականության որոշման տեսանկյունից: Նա առաջնահերթ համարեց Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների գնահատման հարցը, քանի որ նկատվում է ջրի պաշարների նվազում, ինչը խնդիրներ կարող է առաջացնել դաշտավայրի բնակավայրերը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու առումով: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ ջրամատակարարումն ապահովող օպերատոր ընկերությունների սպասարկման տիրույթից դուրս գտնվող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Հյուրերը կարեւոր համարեցին փոխվարչապետի առաջարկությունները` նշելով, որ դրանք կներառվեն թիմի առաջարկների փաթեթում եւ կներկայացվեն վաշինգտոնյան գրասենյակին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play