Դրամի արժեզրկման միջոցով արտահանման խթանումը անհեռանկար է.Մեկնաբան


Դրամի արժեզրկման միջոցով արտահանման խթանումը անհեռանկար է.Մեկնաբան

  • 21-08-2015 18:25:00   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Բլումբերգ գործակալությունը նշել է այն հնարավոր արժույթները, որոնք կարող են արժեզրկվել ռուսական ռուբլու արժեզրկմանը զուգահեռ, կամ դրա հետեւանքով: Բլումբերգ գործակալության փորձագետների կարծիքով, արժեզրկման ենթակա հավանական արժույթ է նաեւ հայկական դրամը:

 

Հայկական դրամի հնարավոր արժեզրկման մասին խոսակցություն շրջանառվում է հատկապես ղազախական թենգեի կտրուկ արժեզրկման ֆոնին: Թենգեն մի քանի օրում արժեզրկվեց մոտ 35 տոկոս: Դրանից առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ պետք է պատրաստ լինել նավթի 30-40 դոլար գնին՝ մեկ բարելի դիմաց, ինչպես նաեւ խոսել էր ռուսական ու չինական շուկաների սահմանափակման մասին:

 

Մինչ այդ, կտրուկ արժեզրկվել էր չինական յուանը, ռուբլու արժեզրկման գործընթացը շարունակվում է մինչ այժմ ու թվում է, թե ռուբլին ներկայում բավական արագ մոտենում է այն սահմանին, ուր թռել էր նախորդ տարեվերջին եւ որտեղից իջել էր տարվա սկզբից:

 

Չինական յուանի եւ ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին ղազախական թենգեի արժեզրկումը հիմք է տալիս ենթադրել, հատկապես Նազարբաեւի հայտարարությունից հետո, որ Աստանան քաղաքական որոշում է կայացրել թենգեի որոշակի արժեզրկման մասով, հանուն արտահանման: Բանն այն է, որ Ռուսաստանն ու Չինաստանը Ղազախստանի հիմնական արտահանման շուկաներ են, եւ երբ այդ երկրների արժույթները թանկանում են, թանկանում է նաեւ արտահանումը: Աստանան ըստ երեւույթին սեփական արտահանողներին որոշակիորեն օգնելու եւ ռուսական ու չինական շուկաների մատչելիություն ապահովելու համար գնաց թենգեի արժեզրկման:

 

Ներկայում Հայաստանում շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք այդ գործընթացը կազդի նաեւ դրամի վրա: Զուտ Ղազախստանում տեղի ունեցողն իհարկե չունի որեւէ ազդեցություն: Ղազախստանը Հայաստանի համար սպառման հիմնական շուկա չէ, միաժամանակ չկա ֆինանսական ընդհանուր տարածություն եւ սերտ փոխկապակցվածություն:

 

Բայց, Հայաստանի առաջ էլ կանգնած է արտահանման խնդիրը: Այդ խնդիրը առաջացավ նախորդ տարեվերջից, երբ Ռուսաստանում ռուբլին կտրուկ արժեզրկվեց, անցնելով մեկ ռուբլու դիմաց 70 դոլարի սահմանը: Հայաստանի արտահանողների համար ռուսական շուկան այդպիսով կտրուկ փակվեց, արտահանելը դարձավ ոչ ձեռնտու:

 

Քիչ անց, Հայաստանում էլ դրամը արժեզրկվեց, նախ շատ կտրուկ, իսկ հետո վերադառնալով որոշակի կետի ու կանգնելով՝ 475-480-ի սահմաններում: Այդուհանդերձ, մոտ 15 տոկոս արժեզրկումը մեծ հաշվով չօգնեց արտահանման ծավալների վերականգնմանը: Անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանում մեծ ներարկումների եւ նավթի համաշխարհային գնի որոշակի կայունության շնորհիվ ռուբլին մի քանի կետ հետ իջավ, Հայաստանի արտահանողների համար իրավիճակը մնաց անհամարժեք:

 

Բանն այն է, որ անգամ հետ իջած ռուբլու պարագայում հայկական դրամի եւ ռուբլու արժեզրկվածության տարբերությունը կազմում էր մոտ 30 տոկոս: Դա նշանակում է, որ հայկական ապրանքը ռուսական շուկայում կորցնում էր 30 տոկոս, այսինքն այն պետք է այդքանով թանկանա՝ շահավետ լինելու համար: Մինչդեռ թանկ ապրանքն էլ չի վաճառվի: Այդպիսով, Հայաստանի արտահանումը դեպի հիմնական շուկա հանդիսացող Ռուսաստան էապես կրճատվեց:

 

Ներկայում ռուսական ռուբլին արժեզրկման փուլում է, բայց այն դեռ չի հասել ու անցել այն կետից, ուր հասել էր նախորդ տարի: Ըստ այդմ, Հայաստանում դրամի փոխարժեքի հրատապ վերանայման անհրաժեշտություն կարծես թե չկա, առավել եւս, որ կողմնակի ճնշող գործոններ էլ չկան՝ վերջին շրջանում Հայաստանը կնքեց մի շարք ֆինանսական համաձայնագրեր, որոնց շնորհիվ ստացվեց մի քանի հարյուր միլիոն դոլար, ինչը դրամի փոխարժեքի կայունության երաշխիք կամ կարեւոր գործոն է:

 

Բայց, միեւնույն է, Հայաստանի առաջ կանգնած է արտահանման ծավալների վերականգնման խնդիրը, եւ այդ խնդրի լուծման հարցում առանցքային գործիքներից մեկը շարունակում է դիտվել դրամի որոշակի արժեզրկումը: Իսկ եթե ռուսական շուկայում ռուբլին արժեզրկվի ադեն ավելի, քան նախորդ տարեվերջին էր, ապա այդ դեպքում Հայաստանի համար կառաջանա նոր իրավիճակ եւ կմեծանա դեպի Ռուսաստան արտահանման գոնե նշույլները պահելու համար դրամի որոշակի արժեզրկման անհրաժեշտությունը:

 

Մյուս կողմից, ինքնին հասկանալի է, որ առկա է գնաճի վտանգը եւ նպաստելով արտահանմանը, կառավարությունը կխթանի ներմուծվող ապրանքների թանկացումը: Իսկ քանի որ Հայաստանն առավելապես ներմուծող, քան արտահանող կամ ներսում արտադրող երկիր է, գնաճը կառաջացնի սոցիալ-տնտեսական լրջագույն լարվածություն եւ կհարվածի տնտեսությանը:

 

Իրավիճակն իսկապես բավական բարդ է: Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ դրամի արժեզրկման միջոցով արտահանման խթանումը անհեռանկար է, թեկուզ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի տնտեսությունը աստիճանաբար հայտնվում է այլեւս անկանխատեսելի անկման ընթացքի մեջ: Հետեւաբար, ելքը պետք է փնտրել նոր շուկաներում եւ արտահանման խթանման նոր մեխանիզմներում, միաժամանակ նաեւ խթանելով ներմուծման փոխարինող արտադրությունը երկրի ներսում:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play