Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները չափազանց ճոխ են հանգստանում. Մեկնաբան


Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները չափազանց ճոխ են հանգստանում. Մեկնաբան

  • 25-08-2015 15:41:02   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայաստանում հրապարակվել է Սահմանադրության փոփոխության վերջնական նախագիծը, բայց հանրությանն իհարկե հետաքրքրում են բոլորովին այլ հրապարակումներ, մասնավորապես այն, թե դրամի ինչ փոխարժեքեր են հրապարակում բանկերը:

 

Ռուսական ռուբլու հերթական տենդը, որն ըստ ամենայնի լինելու է ավելի երկար եւ ուժգին, քան նախորդ տարեվերջինը, առաջացրել է մտահոգ սպասումներ հայկական դրամի համար: Առավել եւս, որ կա նախորդ տարվա փորձը, երբ ռուբլու տենդը մի քանի օր անց կրկնվեց Հայաստանում, բարեբախտաբար կարճ ժամանակով:

 

Ներկայում սպասումները դրական չեն: Դրամի փոխարժեքը «արդարացնում» է դրանք: Փոխարժեքը նվազում է, բայց կարծես թե առանց խուճապի եւ համեմատաբար սահուն, թեեւ նկատելիորեն արագ տեմպով:

 

Դրամի փոխարժեքի անկումը տեսականում կարող է նպաստավոր լինել Հայաստանի արտահանումը խթանելու համար: Բայց, ներկայում այնպիսի իրավիճակ է Հայաստանի սպառման հիմնական շուկաներում, որ միայն դրամի փոխարժեքի անկումը հազիվ թե էական բան փոխի արտահանման տխուր պատկերում:

 

Փոխարենը, դրամի փոխարժեքի զգալի անկումը հղի է Հայաստանում գնաճի նոր ալիքով, միաժամանակ դրամով եկամուտ ստացողների գնողունակության անկմամբ: Իսկ եթե նկատի ունենանք այն, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը եկամուտ է ստանում կամ դրամով, կամ ռուսական ռուբլով, ապա ակնհայտ է, որ դրամի փոխարժեքի շարունակվող անկումը կհարվածի նրանց սոցիալական վիճակին:

 

Ինչ է ձեռնարկելու Հայաստանի կառավարությունն այդ վիճակում, պարզ չէ: Կառավարության ղեկավարն արձակուրդում է, թեեւ թվում է, որ իրավիճակը նրան պետք է վաղուց հետ բերած լիներ արձակուրդից: Իհարկե ասում են, թե ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում է: Բայց Հայաստանի իշխանության պարագայում դա հաստատ չաշխատող ասույթ է: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները չափազանց ճոխ են հանգստանում, այնքան ճոխ, որ նույնիսկ ամաչում են հանգստի մասին մանրամասն տեղեկություն հայտնել հանրությանը:

 

Իսկ թե ինչպես են աշխատում նրանք, ճոխ հանգիստների արանքում, հանրությունը մանրամասն զգում է իր մաշկի վրա:

 

Առանցքային «հաղորդիչներից» մեկն էլ հենց դրամի փոխարժեքն է: Ներկայում տարբեր տեղեկություններ են հայտնվում դրա հնարավոր փոփոխությունների մասին, թե զուտ փոխարժեքային սահմանի, թե ձեւի իմաստով՝ կտրուկ ցնցում կլինի՞, թե ամեն ինչ կանցնի սահուն: Նշվում են անգամ փոխարժեքի սահմաններ, թե մինչեւ ուր կլինի անկումը եւ այլն:

 

Հայաստանում ֆինանսական կայունությունը ներկայում պահվում է կամ աշխարհաքաղաքական կամ այսպես ասած քրեա-օլիգարխիկ կոնսենսուսի հաշվին, ու դրա տակ չկա «տնտեսական բազա»: Հետեւաբար, Հայաստանի տնտեսության ֆինանսական կայունությունը ներկայում կանգնած է ընդամենը վատի ու վատթարի ճամփաբաժանում:

 

Իրավիճակը փոխելու համար պետք է արմատապես փոխվի տնտեսական քաղաքականությունը: Այստեղ անհրաժեշտ թիրախներն արդեն տարիներ շարունակ շատ պարզ են՝ կոռուպցիա, մենաշնորհներ, օլիգոպոլիաներ, բիզնեսի եւ իշխանության սերտաճում, անկախ դատական համակարգի ձեւավորում: Այդ ամենի փոխարեն, իշխանությունը զբաղված է Սահմանադրություն փոխելու գործընթացով, ինչը ոչ այլ ինչ է, քան առկա իրողությունների «լեգիտիմության» աստիճանը բարձրացնելու փորձ:

 

Այսինքն, շարունակում է հիմքից զուրկ լինել ֆինանսատնտեսական կայունությունը, փոխարենն ամրացվում են իշխող համակարգի հիմքերը:

lragir.am

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play