Նոր ուսումնական տարին՝ նոր գույքով


Նոր ուսումնական տարին՝ նոր գույքով

  • 26-08-2015 14:04:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային այց է կատարել Երևանի թիվ 170 ավագ դպրոց, որը «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում համալրվել է դպրոցական նոր գույքով: Լրագրողների հետ զրույցում նախարարը տեղեկացրել է, որ ողջ հանրապետության տարածքում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` գալիք ուսումնական տարին հավուր պատշաճի մեկնարկելու և երեխաների համար լավագույն պայմաններ ստեղծելու համար: 

«Այսօր մեկնարկում է նոր ծրագիր, որով փորձում ենք արձագանքել այն դժգոհությանը, որն առաջացել է հնամաշ աշակերտական գույքի հետ կապված: Այդ նպատակով փորձել ենք նախևառաջ օգնել ավագ դպրոցներին, որտեղ գույքն ամենամաշվածն էր: Ներկայումս ՀԲ-ի աջակցությամբ գույք է ձեռք բերվել հանրապետության բոլոր  ավագ դպրոցների համար: Քանի որ խնայողություն էր առաջացել գնումների գործընթացում, կկարողանանք գույք մատակարարել նաև այն միջնակարգ դպրոցներին, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 և ավելի է»,-նշել է նախարարը`  ընդգծելով, որ համաձայնություն է ձեռք բերվել մարզպետարանների և քաղաքապետարանների հետ` ավագ դպրոցների պիտանի գույքը տրամադրել դրա կարիքն ունեցող հանրապետության այլ դպրոցներին: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ շուտով ՀԲ-ի միջոցներով նույն դպրոցներին կմատակարարվի նաև համակարգչային տեխնիկա: «Համակարգչային սարքավորումներն այսօր անհրաժեշտ են ոչ միայն ինֆորմատիկա առարկայի համար. դրանք դարձել են ուսուցման միջավայր բոլոր առարկաների համար: Մենք ստեղծել ենք բավականին հարուստ էլեկտրոնային հայալեզու շտեմարան և այլ էլեկտրոնային ռեսուրսներ, որոնք հեշտացնում են ուսուցումն աշակերտների համար անգամ ամենաբարդ առարկաների գծով: Մենք նաև էլեկտրոնային նոր լաբորատորիաներ ենք ստեղծում ինչպես միջին, այնպես էլ ավագ դպրոցների համար` հիմնական բնագիտական առարկաների գծով: Դրանք շուտով հասանելի կլինեն հանրապետության բոլոր դպրոցներին: Մեր նպատակն է` դպրոցում ուսուցումը դարձնել ավելի հետաքրքիր և ինտերակտիվ` նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Ինչ խոսք, էլեկտրոնային ռեսուրսները ժամանակակից և որակյալ կրթության կազմակերպման կարևորևորագույն մեթոդ են: Իհարկե, դեռ կան բազում չլուծված խնդիրներ: Սակայն պետք է արձանագրել, որ, օրինակ, եթե 2005 թվականին աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունը կազմում էր 40/1, այսօր այն արդեն 17/1 է, որը, իհարկե, քիչ է, բայց մենք ձգտում ենք անել առավելագույնը»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող թվով 106 ավագ դպրոցներին մատակարարվել է դպրոցական կահույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 634,8 մլն.դրամ: Մասնավորապես, տրամադրվել է 11748 աշակերտական և 1768 ուսուցչական սեղան, 23496 աշակերտական և  2493 ուսուցչական աթոռ, ինչպես նաև 2048 գրապահարան:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play