Հայտարարված պատերազմը Հայաստանի պարագայում քիչ հավանական է, իսկ ահա չհայտարարվածը՝ առօրյա. Մեկնաբան


Հայտարարված պատերազմը Հայաստանի պարագայում քիչ հավանական է, իսկ ահա չհայտարարվածը՝ առօրյա. Մեկնաբան

  • 01-09-2015 15:10:01   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նոր սահմանադրությունում անվտանգության եւ պաշտպանության խնդիրը երաշխավորված է: Սահմանադրության փոփոխության նախագծում ամրագրվում է, որ խաղաղ պայմաններում պաշտպանական ոլորտը ղեկավարում է պաշտպանության նախարարը, իսկ պատերազմի արագայում վարչապետն է Գերագույն գլխավոր հրամանատարը:

 

Սահմանադրության փոփոխության նախագծի ներիշխանական քննարկումներում այդ հարցն առանցքայինն էր, որ դնում էր զինուժը: Բանակի համար կարեւոր էր իմանալ, թե ով է ղեկավարելու իրեն, ում հրամաններով է առաջնորդվելու բանակը: Ընդ որում, խնդիրը ոչ այնքան պատերազմն է, որքան խաղաղ ժամանակաշրջանը, նկատի ունենալով այն, որ Հայաստանը գտնվում է չհայտարարված պատերազմի պայմաններում: Հայտարարված պատերազմը Հայաստանի պարագայում քիչ հավանական է, իսկ ահա չհայտարարվածը՝ առօրյա:

 

Հետաքրքիր է, թե արդյոք բանակը ստացել է միայն երաշխիքներ սահմանադրական մեխանիզմի առումով, թե՞ «երաշխիքային փաթեթի» մեջ ներառված են նաեւ կադրային որոշակի լուծումներ թե պաշտպանության նախարարի, թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, թե վարչապետի մասով:

 

Փաստացի, այդ երեք դիրքերը առանցքային են դառնում պաշտպանական բնագավառի համար: Այն առանցքային է դարձել Հայաստանի համար, ընդ որում ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաեւ արտաքին քաղաքականության: Ինքնին այդ հանգամանքը տարօրինակ չէ, եթե նկատի առնենք չհայտարարված, ամենօրյա պատերազմի հանգամանքը: Այդպիսի պետությունում բանակը չի կարող անմասն լինել արտաքին քաղաքականությունից եւ չլինել դրանում ներգրավվածություն ունեցող կառույց:

 

Հայաստանի պարագայում իրավիճակը տարօրինակ է նրանով, որ բանակը փաստացի մնացել է արտաքին քաղաքականություն իրականացնող միակ կառույցը: Եվ այդ տեսանկյունից, իշխանության ձեւավորման գործընթացում անվտանգության ու պաշտպանության մասով էական նշանակություն է ստանում արտաքին գործերի նախարարության խնդիրը: Իշխանության ձեւավորման գործընթացի ավարտից հետո բանակը կրկի՞ն շարունակելու է պաշտպանական գործառույթից բացի միայնակ կրել արտաքին քաղաքականության գործառույթը, թե՞ այդուհանդերձ կլինեն կադրային այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանում կձեւավորվի արտաքին գոնե ինչ որ քաղաքականության ունակ արտգործնախարարություն:

 

Դատելով այն բանից, որ Սահմանադրության փոփոխության նախագիծը փաստացի իշխանության ձեւավորման կամ վերաձեւավորման հերթական փուլի «ճանապարհային քարտեզն» է, դրանում անվտանգության եւ պաշտպանության խնդրի երաշխավորվածության մասով հետաքրքիր է դառնում նաեւ հարցը, թե արդյոք դրա մեջ ներառվում է նաեւ արտգործնախարարությունը, այդ թվում կադրային լուծումների մասով:

 

Ներկայիս դասավորության պայմաններում, հայկական զինուժի թիկունքը բաց է: Արտաքին քաղաքականությունը զինված ուժերի թիկունքային ապահովման կարեւոր տարր է, եւ առանց դրա չի կարող ամբողջական լինել անվտանգության ու պաշտպանության խնդրի որեւէ լուծում:

 

Միեւնույն ժամանակ, առաջանում է մեկ այլ խնդիր: Խաղաղ ժամանակահատվածում մեծանում է պաշտպանության նախարարի քաղաքական նշանակությունը: Դա էլ նշանակում է, որ մեծանալու է այդ պաշտոնի աշխարհքաղաքական կշիռը եւ կարեւորությունը, այսինքն այդ պաշտոնով աշխարհքաղաքական կենտրոնների հետաքրքրվածությունը:

 

Զուտ ֆունկցիոնալ նշանակությունից պաշտպանության նախարարի պաշտոնը սահմանադրորեն դառնում է քաղաքական, այսինքն բանակը դառնում է իշխանության բեւեռ, ինչը կենթադրի նաեւ ըստ անհրաժեշտության առավել մեծ ներգրավվածություն ներքին կառավարման խնդիրներում:

 

Դա մի կողմից հնարավորություն է բանակի համար՝ ներքին կառավարումը պաշտպանական խնդիրներին առավել համարժեք դարձնելու իմաստով, մյուս կողմից իհարկե բանակը կարող է դառնալ աշխարհքաղաքական ավելի սուր հետաքրքրությունների թիրախ, հետեւաբար նաեւ Հայաստանի հանդեպ իր անսահմանափակ իրավունքի հարցում համոզված Ռուսաստանի ավելի մեծ «խանդի» առարկա, բերելով Հայաստանի զինուժի ներկայիս բավական ճկուն քաղաքականության սահմանափակումների խնդրին:

 

Անվտանգության եւ պաշտպանության երաշխիքների «սահմանադրական փաթեթում» արտգործնախարարության ներառումը կարեւոր նշանակություն ունի այդ խնդրի առավելագույնս չեզոքացման համար, Հայաստանի պաշտպանական համակարգի արտաքին գործընկերության դիվերսիֆիկացվածության եւ դրա հետագա ընդլայնման դինամիկան պահելու տեսանկյունից:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play