Պուտինը Մոսկվա է կանչել Սերժ Սարգսյանին՝ անձամբ սպառնալու եւ շանտաժելու համար. Մեկնաբան


Պուտինը Մոսկվա է կանչել Սերժ Սարգսյանին՝ անձամբ սպառնալու եւ շանտաժելու համար. Մեկնաբան

  • 04-09-2015 18:29:07   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է տեղեկություն, որ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի եւ ՌԴ նախագահները, որոնք կքննարկեն հայ-ռուսական գործակցության խորացման հարցեր: Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

 

Հայաստանի նախագահների մոսկովյան այցերը երբեք զարմանալի կամ անսպասելի չեն, խնդիրն այն է, թե որեւէ այց ինչ իրավիճակում եւ ինչ զարգացումների համատեքստում է տեղի ունենում: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի «ուղեկից» իրադարձությունները մի քանիսն են, թե ներքին, թե արտաքին ուղղություններում:

 

Սեպտեմբերի 1-ին Բաքու էր մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն Ալիեւի հետ քննարկել է մի շարք հարցեր: Դրանցից որոշակի եւ առարկայական հաղորդվել միայն սպառազինության նոր առաջարկի մասին, որ Մոսկվան արել է Բաքվին: Դրանից հետո Բաքուն ինտենսիվորեն սկսել է ռմբակոծել Հայաստանի Տավուշի մարզը: Եվ երկու գիշեր ինտենսիվ ռմբահարումից հետո Պուտինը Մոսկվա է կանչում Սերժ Սարգսյանին: Դրանից առաջ, Հայաստանի ՊՆ էր այցելել ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, իսկ Հայաստանում ռուսական դպրոցներից մեկում էլ Հայաստանին սպառնացել Իսլամական պետության վտանգով:

 

Արդյոք Լավրովի Բաքու այցի ընթացքում եղել է ռուս-ադրբեջանական որեւէ պայմանավորվածություն, որի ամբողջացման համար հարկ է Հայաստանի որեւէ զիջում Արցախի հարցում: Արդյոք դրա համար Լավրովի այցին զուգահեռ սկսվեց Հայաստանի շանտաժը Տավուշի ինտենսիվ հրետակոծությամբ: Եվ արդյոք Վոլինկինը ՊՆ-ում առաջարկեց, որ հայկական զինուժը հրաժարվի ավելորդ դիմադրությունից եւ չխանգարի այսպես ասած քաղաքական իշխանությանը կայացնել զիջման որոշում:

 

Եվ արդյոք Հայաստանի ՊՆ-ում քաղաքավարի կերպով դիմադրել են Վոլինկինի սպառնալիքներին ու մերժել առաջարկը, որից հետո Պուտինը արդեն ինքն է խառնվել ու Մոսկվա կանչել Սերժ Սարգսյանին, նրան անձամբ սպառնալու եւ շանտաժելու համար:

 

Թեեւ այն, որ Ադրբեջանը Վոլինկինի Պն այցից հետո էլ շարունակել է Տավուշի ինտենսիվ ռմբահարումը, հուշում է, որ Հայաստանի զինուժը չի համաձայնել հանձնվելու առաջարկին եւ մերժել է Վոլինկինին:

 

Սարգսյանին Մոսկվա հրավիրելը զուգորդվում է մեկ այլ միջազգային գործընթացի հետ: Թուրքիայում շարունակվում է թուրք-քրդական բախումը, միաժամանակ Անկարան ներքաշվել է ԻԼԻՊ դեմ պայքարի մեջ եւ թեեւ չի միացել արեւմտյան կոալիցիային, այդուհանդերձ այդ հարցում զգալի զիջումներ է արել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:

 

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը խոսել է ԻԼԻՊ դեմ պայքարի նոր կոալիցիա ձեւավորելու մասին, որի հարցը, ըստ նրա, քննարկվել է նաեւ ԱՄՆ նախագահ Օբամայի հետ: Այդ համատեքստում ուշագրավ է ԻԼԻՊ-ով սպառնալիքը Հայաստանին, որ արվել է Վոլինկինի միջոցով:

 

Արդյոք Ռուսաստանը կփորձի Հայաստանին ստիպել միանալ հենց իր ձեւավորելիք հակաահաբեկչական կոալիցիային, որտեղ ուզում է տեսնել նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին:

 

Մեկ այլ հետաքրքիր զուգորդում է այն, որ օգոստոսի 26-ին Վրաստանում բացվել է ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը, որն ունի պարզապես էպոխալ նշանակություն Հարավային Կովկասի համար եւ բնականաբար ՌԴ-ն կփորձի հնարավորինս արագ եւ հնարավորինս ուժգին հակազդեցություն մտածել: Հնարավո՞ր է, որ այդ գործում ՌԴ-ն կփորձի նաեւ ներգրավել Հայաստանին, օգտագործելով Երեւանի վրա իր ազդեցությունը: Դա կլինի շատ վտանգավոր հեռանկար Հայաստանի համար:

 

Սեպտեմբերին Նյու Յորքում տեղի է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հոբելյանական նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Պուտինը: Նախատեսվում էր, որ այդ շրջանակում կլինի Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Սակայն, այդ հանդիպումը երեւի թե տապալվել է ու ներկայում խոսք կա արտգործնախարարների հանդիպման հասնելու մասն: Չի բացառվում, որ ԱՄՆ կփորձի հասնել նախագահների նոր հանդիպման պայմանավորվածության եւ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին ու Հայաստանին հետ պահել դրանից, ու ընդհանրապես վերջ տալ հակամարտության կարգավորման գործընթացում արեւմտյան նախաձեռնողականությանը, որը առկա էր վերջին մեկ տարում եւ նախորդ տարվա համեմատ զգալի կայունություն էր բերել հայ-ադրբեջանական հարաբերության տիրույթում: Լավրովին Բաքու այցի միջոցով հաջողվեց կոտրել այդ կայունությունը:

 

Վերջապես Սահմանադրության փոփոխության ներքին գործընթացը: Այստեղ հարկ է թերեւս հիշել այդ գործընթացում էական դերակատարություն ստանձնած ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի օրերս արած հայտարարությունը, թե նոր Սահմանադրությունը Հայաստանի անկախությունն ամրացնող քայլ է, եւ ովքեր մերժում են այն, դեմ են անկախության ամրացմանը:

 

Ամենաուշագրավն այն է, որ Արմեն Ռուստամյանը այդ մասին խոսել էր՝ պատասխանելով Սահմանադրության փոփոխությամբ կառավարման մոդել փոխելու հանդեպ Ռուսաստանի դժգոհության մասին հարցին:

 

Եվ ահա այդ հայտարարության համատեքստում հարց է առաջանում, թե արդյոք Ռուսաստանն իսկապես դժգոհ է կառավարման մոդելի փոփոխությունից, մասնավորապես անկախության հարցում այն հեռանկարից, որ նկարագրել էր Արմեն Ռուստամյանը:

 

Ի վերջո, երկու տարի առաջ ինքնիշխանության հարցում Հայաստանի հեռանկարները սահմանափակվեցին կրկին պատերազմական շանտաժով, որոնք ավարտվեցին սեպտեմբերի 3-ով: Այժմ նորից սահմանային պատերազմական լարում եւ սեպտեմբերի 7-ի հեռանկար, արդյոք Պուտինն առաջարկներ ունի Սահմանադրության փոփոխության գործընթացի կապակցությամբ:

 

Ընդհանուր առմամբ, թերեւս «եկել» էր Սերժ Սարգսյանի Մոսկվա գնալու ժամանակը, քանի որ ամռան ընթացքում Հայաստանը կարծեք թե բավական «թուլացած» արտաքին քաղաքականություն էր վարում եւ արձանագրեց մի շարք քայլեր, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հիմք տվեցին առնվազն հարցադրումներ կատարել, թե արդյոք նշմարվում է եվրատլանտյան հանրության հանդեպ Հայաստանի պետական քաղաքականության փոփոխության հեռանկար, թե՞ ամեն ինչ Ռուսաստանի թույլատրածի շրջանակում էր:

 

Ըստ երեւույթին, կամ բալանսը արդեն խախտվում էր ռիսկային աստիճան, ու Երեւանը կփորձի պահել հավասարակշռությունը, կամ էլ Մոսկվան է արձանագրում, որ աշխարհքաղաքական «արձակուրդն» ավարտվեց:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play