Ըստ Ռուբեն Եգանյանի` առաջիկա տարիներին Հայաստան կվերադառնա 50-70 հազ. մարդ <br />


Ըստ Ռուբեն Եգանյանի` առաջիկա տարիներին Հայաստան կվերադառնա 50-70 հազ. մարդ

  • 03-12-2010 22:55:10   | Հայաստան  |  Տնտեսություն
Արտագաղթի վրա մեծ ազդեցություն կունենան հողի շուկայի նախատեսվող փոփոխությունները Վերջին երկու տասնամյակներում, միգրացիոն երեւույթների ուժեղացման արդյունքում, երկրում կտրուկ ընկավ ծնելիության մակարդակը (1990թ.-ի համեմատ 2009թ.-ին այդ ցուցանիշը նվազել է 1,8 անգամ): Բնակչության ընդհանուր թվում զգալիորեն մեծացավ ծերերի տեսակարար կշիռը' հասնելով շուրջ 16 տոկոսի: Բնակչության բնական հավելաճի ցուցանիշը 1990թ.-ի համեմատ 2004-ին կրճատվեց շուրջ 5 անգամ: Արդեն անհերքելի փաստ է. միայն 1990-2010թթ. Հայաստանից հեռացել եւ այլ երկրներում բնակություն է հաստատել մոտ 1,3 մլն մարդ' այսինքն երկրի անվանական բնակչության 35 տոկոսը: Արտագաղթածների ճնշող մեծամասնությունն իր նոր բույնն է հյուսել նախկին խորհրդային հանրապետություններում' հիմնականում Ռուսաստանում: Նրանց 20-25 %-ն ապաստանել է Արեւելյան Եվրոպայում, մնացածն էլ' ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլուր: Բնակչության առավել ակտիվ եւ մասնագիտական որակավորում ունեցող զանգվածի հեռանալը երկրից դանդաղեցրեց տնտեսության զարգացումը' խորացնելով նաեւ բարոյահոգեբանական ճգնաժամը: Դեռ 1960-ականներին ներգաղթը Հայաստանի բնակչության թվաքանակի անընդհատ աճի աղբյուր էր հանդիսանում' տարեկան 13-14 հազար մարդ (9-10 հազ. հայազգի քաղաքացիներ ամեն տարի մշտական բնակության էին գալիս խորհրդային հանրապետություններից, գլխավորապես Ադրբեջանից ու Վրաստանից, 2-4 հազարն էլ' արտերկրի գաղթօջախներից' Իրանից, Սիրիայից, Հորդանանից եւ այլն): Միգրացիոն հոսքերի պատմության մեջ բեկումնային էր 1978 թվականը, երբ սփյուռքահայերի հոսքը դեպի ,Երկիրե գրեթե դադարեց: Արդյունքում' 80-ականների ողջ ընթացքում մշտական բնակության մեկնողների թիվը տարեկան մոտ 8-10 հազար մարդով գերազանցեց եկածների թիվը: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ բացասական մնացորդը կազմում էր երկրի բնակչության թվաքանակի միայն 0,3, իսկ բնական աճի մեծության 15-17 տոկոսը, կարելի է պնդել, որ այն ո՛չ սոցիալ-տնտեսական եւ ո՛չ էլ ժողովրդագրական անդրադարձ չէր ունենում: Այդ էր պատճառը, որ բնակչության արտահոսքը որպես առանձին խնդիր չէր դիտարկվում: Արդյունքում' արդեն 80-ականների կեսերին Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների զանգվածը կազմեց երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի շուրջ 1, իսկ աշխատանքային ռեսուրսների շուրջ 2 տոկոսը' տարեկան 30-40 հազար մարդ: Անցումային առաջին իսկ տարիներին 1988-ի երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի, ԽՍՀՄ-ի փլուզման, էներգետիկ շրջափակման հետեւանքով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն ավելի վատացավ: Պաշտոնական տվյալներով' միայն 1992-1994 թվականներին երկրից արտագաղթեց շուրջ 1 մլն մարդ: 1995-2001թթ. արտագաղթի ծավալներն էականորեն նվազեցին' ողջ ժամանակահատվածում մոտ 600 հազ. մարդ: Ներգաղթն այդ տարիներին հասավ 350 հազարի: Մասնագետները գտնում են, որ այս անցումը, մի կողմից, պայմանավորված էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման միտումներով, մյուս կողմից էլ' նախընթաց գերբարձր էմիգրացիոն ակտիվությամբ, որը զգալիորեն նվազեցրել էր բնակչության էմիգրացիոն ներուժը եւ դրամական փոխանցումների շնորհիվ նպաստել երկրում մնացածների կենսամակարդակի բարձրացմանը: Ըստ Բնակչության հիմնադրամի արտաքին եւ ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության արդյունքի' 2002-2007թթ. ողջ ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 750 հազ. մարդ, ներգաղթել' 600 հազ.: Չնայած ոլորտի պատասխանատուների հավաստիացումներին, միգրացիոն հոսքերն առաջիկա տարիներին մեծապես պայմանավորված են լինելու ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքով: Ընդ որում' ոչ միայն մուտքի երկրներում, այլեւ բուն Հայաստանում: Կասկածից վեր է, որ առաջինների անբարենպաստ տնտեսական վիճակը ոչ միայն կպարտադրի պոտենցիալ աշխատանքային միգրանտների զգալի մասին խուսափել արտագնա աշխատանքից, այլեւ կստիպի նրանց դրսում գտնվող գործընկերների որոշակի մասին վերադառնալ: Ազգային փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը գտնում է, որ Հայաստանի հնարավոր անբարենպաստ սոցիալ-տնտեսական վիճակը կարող է ստիպել դրսում գտնվողների որոշակի մասին` հիմնականում անապահով խավին, գնալ ցածր վարձատրվող, ոչ հարգի աշխատանքների' խուսափելու համար դատարկաձեռն վերադառնալուց: Նա կանխատեսում է, որ անկախ Հայաստանի եւ ընդունող երկրների տնտեսական իրավիճակից, Հայաստան կվերադառնան նյութական կուտակումներ ունեցող աշխատանքային միգրանտների եւ նրանց ուղեկցողների գերակշիռ մասը' մոտավոր կանխատեսումներով 50-70 հազ. մարդ: Փորձագետները գտնում են, որ արտագաղթի նվազման համար խթանիչ գործոն կարող է դառնալ ճգնաժամի հետեւանքով ընդունող երկրներում իմիգրացիոն քաղաքականության մոտեցումների վերանայումը: Ինչ վերաբերում է ներքին գործոններին, ապա դրանցից առավել ազդեցիկն, ըստ մասնագետների, հողի շուկայի զարգացումն է' գյուղատնտեսական հողերի վերաբաշխման, խոշորացման սպասվող գործընթացը: Կախված նրանից, թե այն ինչ կերպ կիրականացվի, մեծ կամ փոքր կարող է լինել գյուղատնտեսությունից դուրս մղվողների զանգվածը, որի հաշվին այս կամ այն չափով կհամալրվեն թե՛ աշխատանքային եւ թե՛ մշտական էմիգրանտների շարքերը: Հայկական Մունետիկ
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play