Շավարշ Քոչարյան. Տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշմանը<br />


Շավարշ Քոչարյան. Տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշմանը

  • 03-12-2010 20:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աստանայում անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովում շատ հստակ արձանագրվեց, որ չի կարելի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերից ընտրովի առանձնացնել որեւէ մեկը` անտեսելով այլ սկզբունքներ: Այս մասին «Հայլուր»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, արձանագրվել է նաեւ, որ կարգավորման գործընթացում միանշանակ բացառվում է ուժի կիրառումը, ընդգծվել` ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, ետ քաշել դիպուկահարներին: Գագաթնաժողովում, ըստ Շ.Քոչարյանի, ընդհանուր առմամբ եւս մեկ անգամ բացահայտվել է Ադրբեջանի մեկուսացումը իր դեստրուկտիվ քաղաքականության մեջ, ավելին, միջազգային հանրությունը հերթական փորձն է արել Ադրբեջանին իր դեստրուկտիվ դաշտից բերելու դեպի կոնստրուկտիվ դաշտ: ԱԳ փոխնախարարն ընգծեց, որ հնգակողմ հայտարարության մեջ առաջին անգամ մեջբերվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որպեսզի ավելի ցցուն դարձվի, եւս մեկ անգամ ընդգծվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի աղավաղումը: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլխի, ժողովուրդների իրավահավասարութունն ու ինքնորոշումը ՄԱԿ-ի 4 նպատակներից մեկն է, իսկ երկրորդ գլխում թվարկվում են այն սկզբունքներն, որոնք ուղղված են այդ նպատակներին հասնելուն, եւ այդ սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն է: «Միջոցը երբեք չի կարող հակադրվել նպատակին, կամ այս դեպքում տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշմանը»,- ասաց Շ.Քոչարյանը: Աստանայի գագաթնաժողովից հետո ադրբեջանցի պաշտոնյաների նոր ռազմատենչ հայտարարության կապակցությամբ Շ.Քոչարյանը նշեց, որ միակողմանի զիջումներ լինել չեն կարող:
Նոյյան տապան  -   Քաղաքական