Կարգավորվում է անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը


Կարգավորվում է անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը

  • 10-09-2015 16:22:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն է  տվել «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության կնքման արդյունքում կկարգավորվեն միգրացիայի ոլորտում համագործակցության կարևոր նշանակություն ունեցող հարցեր` ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ԲՀ տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով: 
 
Հայաստանի Հանրապետության և Հարավաֆրիկյան Հանրապետության միջև  փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով գործադիրն իր համաձայնությունն է տվել երկու երկրների կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: 
           Կառավարությունը հավանություն է տվել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջարկությանը: Ներկայումս Գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում շուրջ 125 երկրներ (ՏՀԶԿ և ոչ ՏՀԶԿ անդամ):
            Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Համաձայնագրի ստորագրումը   նոր  հնարավորություններ  կբացի   այն ուսանողների, երիտասարդ մասնագետների  և  որակյալ մասնագետների  համար, ովքեր ցանկություն  ունեն  խորացնելու իրենց գիտելիքները, նոր  փորձ  և  հմտություններ ձեռք  բերելու  իրենց  մասնագիտական ասպարեզներում  Ֆրանսիայում ուսանելու  և  աշխատելու  միջոցով:  Համաձայնագրի  ստորագրումը  կնպաստի նաև  Հայաստանից  դեպի  Ֆրանսիա ուղղվող  անլեգալ  միգրացիոն  հոսքի  կանխարգելմանը:  Վարչապետը  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից  հետաքրքրվել է նաև ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող  եւ իրականացվող քայլերի մասին և հանձնարարել ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը ՀՀ ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք»,-նշել է կառավարության ղեկավարը: 
      Կառավարությունը իր համաձայնությունն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Համաձայնագիրը կնպաստի  կրթության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում միջազգային հարաբերությունների հետագա զարգացմանը: 
 
 
Կարգավորվում է անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը
 
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր որոշումներում կատարել է լրացումներ և փոփոխություններ, որոնք ուղղված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը կարգավորող ակտերի միջև անհամապատասխանությունների բացառմանը, ուղեգրերի տրամադրման գործընթացի օպերատիվության ապահովմանը: Միաժամանակ, ընդունված որոշումը կնպաստի նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների շարքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունքում վերոնշյալ անձանց զինվորական ծառայության պիտանելիության որոշման առավել արդյունավետ և որակյալ կազմակերպմանը: 
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության նախկինում ընդունած որոշումները: Ըստ այդմ,  նախատեսվում է կարգավորել վերականգնողական օգնության տարբեր ձևերի, տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները, հստակեցվում և ավելի վերահսկելի է դարձվում  վերականգնողական  օգնութան տրամադրման գործընթացը, ստեղծվում է տրամադրված  օգնության  վերաբերյալ կայուն տեղեկատվական համակարգ,  հստակեցվում են   պարագաների ձեռքբերման  կանխատեսումներն ու պլանավորումները:
  ՀՀ կառավարությունը սահմանել է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները կյանքի են կոչվում լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում: Վարչապետն ընդգծել է սոցիալական ծառայությունները քաղաքային համայնքներին շարունակական փոխանցելու կարևորությունը և  այս ուղղությամբ վերահսկողության իրականացումը: 
 
 
Այլ որոշումներ
 
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» համապատասխան որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի  շրջանակում վերակառուցվող Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի ճանապարհատվածին հարող, չօտարվող գյուղատնտեսական նշանակության մի շարք հողամասերի սեփականատերերի սեփականության իրավունքի պաշտպանության, բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում տեղ գտած անճշտությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի վարչական տարածքի (Ձորակապ, Մարալիկ, Հայրենյաց, Հոռոմ, Բենիամին, Ազատան համայնքների) սահմաններում գտնվող թվով 22 միավոր հողակտոր:  
Գործադիրի որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա է տրվել  «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին: Որոշումը կնպաստի հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը: Նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռմարկատիրության եւ էներգետիկայի ոլորտներին: Մասնավորապես, լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների իրականացման համար ներդրվում է ծանուցման մեխանիզմ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play