«Հայաստանում «պատիվն» ու «ազնվությունը» վաղուց բացակա են քաղաքական հարաբերություններում». Մեկնաբան


«Հայաստանում «պատիվն» ու «ազնվությունը» վաղուց բացակա են քաղաքական հարաբերություններում». Մեկնաբան

  • 16-09-2015 17:34:15   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հակառակորդների «պաշտոնական» փաստարկն այն է, որ Սահմանադրության փոփոխության միջոցով Սերժ Սարգսյանը մտադիր է վերարտադրել իր ու ՀՀԿ իշխանությունը: Չնայած դա շատ թույլ փաստարկ է, սակայն այն հանրության մեջ արմատավորված արատավոր կոնյուկտուրայի ցուցիչ է:

 

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ նախագահ կամ վարչապետ, նրա անունից հայտարարվում է, որ խորհրդարանի խոսնակ էլ չի դառնալու: Սակայն ոմանց, այլ փաստարկների բացակայության պայմաններում, ձեռնտու է պնդել, որ Սարգսյանը չի պահի խոսքը եւ կզբաղեցնի երեք գլխավոր պաշտոններից մեկը: Ոմանք էլ պարզապես չեն հավատում Սարգսյանի հայտարարություններին եւ կարծում են, որ անհրաժեշտության դեպքում նա կարող է զբաղեցնել այն պաշտոնը, որն անհրաժեշտ կհամարի:

 

ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը հայտարարել էր, որ ժողովուրդը չի հավատում կառավարությանը: Նա ասել էր Նաիրիտի հարցով, որի աշխատակիցներին մեկ տարուց ավելի չեին վճարում աշխատավարձը՝ ամեն անգամ խաբելով նրանց: Գորիկ Հակոբյանի հայտարարությունը, երեւի, իր ազդեցությունն էր ունեցել, եւ մի քանի օր անց նաիրիտցիները ստացել էին իրենց աշխատավարձը:

 

Սակայն Գորիկ Հակոբյանի բարձրացրած խնդիրը մնացել է. մարդիկ իրոք չեն վստահում իշխանությանը: Մարդկային համակեցությունն արդեն երկար դարեր պահվում է «ազնիվ խոսքի» վրա, իսկ օրենքները ստեղծվում են, որպեսզի ազնիվ խոսքը չխախտվի: «Ազնիվ» բառի հիմքում «պատիվ» հասկացությունն է, եւ դա պատահական չէ:

 

Հայաստանում «պատիվն» ու «ազնվությունը» վաղուց բացակա են քաղաքական հարաբերություններում, եւ հանրությունն իր ղեկավարներից պատվի դրսեւորումներ չի սպասում: Հենց այդ պատճառով ոչ ոք չի հավատում իշխանության խոստումներին, արդարադատությանը, Հովիկ Աբրահամյանի վիճակագրությանը, զարգացման եվրասիական ուղու օգտին փաստարկներին, քարոզչությանը:

 

Զարգացած հասարակություններում պետական քաղաքականությունը կառուցվում է պատվի հասկացության վրա, եւ ստի մեջ բռնված պաշտոնյան անմիջապես հրաժարական է տալիս: Հայաստանում ոչ ոք չի վախենում, որ կբռնվի ստի մեջ: Դրա վառ օրինակն է էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով երկար տարիներ գիտակցաբար ստել է հանրությանը, իսկ որպես «պատիժ» ստացել նախագահի խորհրդականի պաշտոնը:

 

Ավելի վառ օրինակ է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից անվանել է մարդասպան, եւ Խաչատրյանը դա պատվի ու արժանապատվության վիրավորանք չի համարել:

 

Ինչ-ինչ պայմանավորվածությունների հասնելով՝ պաշտոնյաները եւ գործարարները, ինչպես բանկերը, երաշխիքներ կամ էլ գրավ են պահանջում: Սերժ Սարգսյանն ի՞նչ երաշխիքներ կարող է տալ, կամ ի՞նչ կարող է առաջարկել հանրությանը որպես գրավ:

lragir.am

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play