Սեպտեմբերը վերածվում է ռուս-թուրք-ադրբեջանական մեղրամիսի. Մեկնաբան


Սեպտեմբերը վերածվում է ռուս-թուրք-ադրբեջանական մեղրամիսի. Մեկնաբան

  • 18-09-2015 16:55:10   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Սեպտեմբերի 23-ին Ռուսաստան է այցելելու Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը կմասնակցի մզկիթի բացման եւ կհանդիպի Պուտինի հետ: Սեպտեմբերի 17-ին Սոչի էր այցելել Թուրքիայի արտգործնախարարը, որտեղ հանդիպել էր Լավրովի հետ: ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը համատեղ շատ շահեր ու նախաձեռնություններ ունեն առջեւում: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրան զուգահեռ հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ կանի Արցախի հարցը հնարավորինս արագ կարգավորելու համար:

 

Սեպտեմբերը վերածվում է ռուս-թուրք-ադրբեջանական մեղրամիսի: Սեպտեմբերի 1-ին Լավրովի Բաքու այցից հետո երեք կողմերը գրեթե չեն բաժանվում իրարից, եւ արտգործնախարարների փոխայցերը հանգեցին Պուտին-Էրդողան մակարդակի հանդիպման, ինչը նշանակում է, որ արտգործնախարարները պատրաստել են ինչ որ բան եւ հասցրել նախագահների այսպես ասած վերջնական ատյան:

 

Թե որքան է ռուս-թուրքական համաձայնությունների մասշտաբը, որոնց ներգրավված է նաեւ Բաքուն, դժվար է ասել, սեպտեմբերի 23-ին Պուտինը Մոսկվայում Էրդողանից բացի հանդիպելու է նաեւ Պաղեստինի առաջնորդ Աբասի հետ: Բայց որ այդ մասշտաբում անխուսափելիորեն ներառվում է Արցախի խնդիրը, աներկբա է: Ըստ այդմ ավելացել է ճնշումը Հայաստանի վրա: Դրա վկայությունն է ՀԱՊԿ Դուշանբեի Վեհաժողովում Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանը դարձնել ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոն:

 

Առաջարկի վերաբերյալ որեւէ արձագանք դեռ չկա: Չի բացառվում, որ արձագանքը կախված կլինի Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքից: Ռուսաստանի համար Հայաստանում խաղաղապահները պետք են դրանք Արցախի գոտում տեղակայելու եւ այդպիսով Կովկասի համար ռազմավարական դիրքը անմիջական ենթակայության տակ վերցնելու համար: Դա անհնար է առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի համաձայնության: Բնական է, որ Անկարան ու Բաքուն կհամաձայնեն, եթե հստակեցնեն իրենց ստանալիքը: Դա անկասկած  լինելու է հայկական շահի ու անվտանգության հաշվին:

 

Թե ինչ կործանարար հետեւանք կունենա դա Հայաստանի ապագայի, պետականության համար, նկարագրելն իսկ թերեւս ավելորդ է: Դա կնշանակի, որ Հայաստանի արցախյան առաջին հաղթանակը պարզապես կբաժանվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ:

 

Իհարկե, կգտնվի քարոզիչների հսկա բանակ, որը կհավաստիացնի Հայաստանի հանրությանը, որ ոչ մի տարբերություն չկա Արցախը հայկական է, թե ռուսական: Բայց դա անշուշտ այլ խոսակցության նյութ է:

 

Ներկայում Հայաստանի համար առավել ուժգնանում են շատ կոնկրետ մարտահրավերներ: Դրանք հատկապես ուժգնանում են Հայաստանի ներքին դիմադրունակության մեխանիզմի գրեթե կատարյալ բացակայության պայմաններում:

 

Հայկական դիմադրության մեխանիզմի միակ գործող պտուտակը թերեւս մնում է Հայաստանի զինված ուժերը: Այստեղ իրավիճակը բավական բարդ է եւ բազմաշերտ, միաժամանակ հստակ է վտանգի եւ սպառնալիքի խորության ու ծավալների գիտակցումը:

 

Պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը քննարկվել են հակառակորդի դիվերսիոն նեթափանցումները կանխարգելելու խնդրի լուծման տարբերակները: Հայկական զինուժն ըստ երեւույթին պատրաստվում է Ադրբեջանի դիվերսիոն պատերազմի ակտիվ փուլի վերսկսմանը, որը կլինի ռուս-թուրք-ադրբեջանական մեղրամսի ուղիղ հետեւանք:

lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play