«Լուռ դիվանագիտություն»-ը թուրքական իմիտացիա է, գտնում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը


«Լուռ դիվանագիտություն»-ը թուրքական իմիտացիա է, գտնում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

  • 29-11-2010 21:16:34   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի հետ «լուռ դիվանագտության» մասին Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունները ցույց են տալիս, որ փաստերի ակնհայտ աղավաղումը, սուտը, անիրական տեղեկատվության տարածումը, դարձել է թուրքական քաղաքական մշակույթի անբաժանելի մասը։ «Հենարան» ակումբում լրագրողների հետ նոյեմբերի 29-ի ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Ըստ նրա, «լուռ դիվանագիտություն»-ը իմիտացիա է, այն շրջանառության մեջ է դրվել արտգործնախարար Դավութօղլուի կողմից, ով ռազմավարության հայտնի տեսաբան է։ Իմիտացիոն քայլերը համոզիչ դարձնելու համար Թուրքիան ձեռնարկում է տեղեկատվական քարոզչական բնույթի մի քանի քայլեր. օրինակ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից Հայաստանի դուրս բերման մասին «տեղեկատվական արտահոսքը»։ Դրանով իսկ փորձ է արվում աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան հավատարիմ է իր հռչակած արտաքին քաղաքականության տեսլականին՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ», ինչպես նաեւ թաքուն նպատակին հասնելուն՝ հարվածել Հայաստան-Սփյուռք միասնությանը։ Վերլուծաբանը չբացառեց, որ որոշ ժամանակ անց կհնչեն հայտարարություններ, թե Թուրքիայի համար վտանգ է ներկայացնում ոչ թե Հայաստանը, այլ Սփյուռքը։ Դրա վառ ապացույցը Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Ստամբուլի «Ժամանակ» հայկական օրաթերթին տված հարցազրույցում հնչած միտքն էր՝ «Թուրքիան ցանկանում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, սակայն Սփյուռքի մտածելակերպը խոչընդոտում է դրան»։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակելու վերջերս նախագահ Գյուլի արած կոչի հասցեատերը, ըստ Ռ.Մելքոնյանի, Հայաստանի իշխանությունները չեն, այլ Թուրքիայի իշխող կուսակցությունն ու կուսակից ընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանն է՝ վերջինիս պետք է խնդրանք ուղղվեր հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին։ Ռ.Մելքոնյանը գտնում է, որ Թուրքիայի երկակի պահվածքը՝ մի կողմից արտաքին աշխարհին ներկայանալ որպես հանդուրժող եւ պատասխանատու գործընկեր, իսկ երկրի ներսում բորբոքել հակահայկական տրամադրությունները, կշարունակվի առնվազն մինչեւ 2011թ.-ը, երբ Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play