Կառավարությունն ընդունել է ինքնապաշտպանության ռազմավարությունը. Մեկնաբան


Կառավարությունն ընդունել է ինքնապաշտպանության ռազմավարությունը. Մեկնաբան

  • 28-09-2015 17:17:56   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Կառավարությունն անցել է ինքնապաշտպանության

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե «հավուր պատշաճի հակահարված ենք տալու հակառակորդին»: Վարչապետին հարկ է թերեւս ասել, որ հակառակորդին տրվող հակահարվածը հանդիսավոր միջոցառում կամ երեկույթ չէ, որ իրականացվի «հավուր պատշաճի»: Հակառակորդին տրվող հակահարվածը լինում է համարժեք, լինում է արժանի, ուժգին, կամ անհամաչափ՝ ասիմետրիկ: Դա իմիջիայլոց:

 

Բայց Հայաստանում վարչապետի առաքելությունը հակառակորդին հակահարվածի կամ պատասխան որեւէ գործողության մասին խոսելը չէ՝ դեռ Սահմանադրության փոփոխություն չի եղել ու առաջին դեմքը կամ Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետը չէ: Հայաստանում վարչապետը ներկայում պատասխանատու է «հավուր պատշաճի» տնտեսական քաղաքականության համար:

 

Իսկ Հայաստանի տնտեսական քաղաքականության բավարար ու հեռանկարային արդյունքն անհնար է, եթե դրա հիմքում կոռուպցիայի դեմ «հավուր պատշաճի» պայքարը չէ:

 

Հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացումը ստվերեց շատ իրադարձություններ, այդ թվում կառավարության հավանությանն արժանացած հակակոռուպցիոն ռազմավարության հաստատումը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ի կառավարության նիստում: Ըստ այդ ռազմավարության, հաստատվել է 2015-18 թվականների միջոցառումների ծրագիրը, որոնց հիմնական ուղղությունը լինելու է 4 ոլորտ՝ կրթություն, առողջապահություն, եկամուտների հավաքագրում եւ ոստիկանություն:

 

Ուղղությունները վկայում են, որ Հայաստանի կառավարությունն առաջիկա երեք տարիներին չի պատրաստվում կոռուպցիայի դեմ գործնական պայքարի: Ընդհանրապես, ռազմավարության գոյությունն ինքնին վկայում է, որ չկա գործնական պայքարի մտադրություն:

 

Բանն այն է, որ ռազմավարություն կարող է ունենալ տնտեսության զարգացումը, արդիականացումը, բարեփոխումները: Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող ունենալ ռազմավարություն, այն պահանջում է ընդամենը քաղաքական կամք: Որեւէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը Սահմանադրությունն է եւ օրենքները: Կառավարությունից պահանջվում է ընդամենը կյանքի կոչել այդ ռազմավարությունը: Եթե կառավարությունը մշակում է կոռուպցիայի դեմ պայքարի այլ ռազմավարություն, ապա դա նշանակում է, որ մի կողմից լղոզվելու է կոռուպցիայի դեմ պայքարը, մյուս կողմից ռազմավարության համար փողեր են «դուրս գրվելու»՝ այսինքն նոր կոռւպցիա է լինելու:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է, որ աշխատեն դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Պետք է, որ այդ կառույցները լիարժեք կատարեն իրենց պարտականությունները, արձագանքեն մամուլի հրապարակումներին, կատարեն անաչառ քննություն, գնան կասկածների եւ կոռուպցիոն ռիսկերի հետքերով ինքնուրույն նախաձեռնությամբ: Եվ պետք են անկախ դատարաններ, որոնք կկայացնեն հանրային եւ պետական շահից, այսինքն Սահմանադրությունից ու օրենքներից բխող որոշումներ:

 

Երբ այդ ամենը չկա, չի կարող լինել կոռուպցիայի դեմ «հավուր պատշաճի» պայքար, ու ռազմավարություններն այդ դեպքում ընդամենը աչքակապություն են, տեղեկատվա-քարոզչական փուչիկ, որպիսին Հայաստանը տեսել է մի քանի անգամ:

 

Այսինքն, Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում տեղեկատվական-քարոզչական փուչիկն է, ոչ թե տնտեսական հարաբերությունների թե կանոնների, թե մշակույթի վերանայման գործնական մտադրություններն ու աշխարհայացքը:

 

Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ ՄԻլզը հայտարարեց, որ կոռուպցիան խոչընդոտում է ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլ նաեւ հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը: Դա պարզագույն բանաձեւ է. առանց ամուր եւ զարգացող տնտեսական համակարգի, անհնար է ունենալ հեռանկարայաին պաշտպանական եւ անվտանգության համակարգ:

 

Մյուս կողմից, ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ գործնական պայքարը, լինելով Հայաստանի անվտանգության կարեւոր գործոն, հանդիսանում է իշխող համակարգի անվտանգության սպառնալիք: Իսկ օրինակ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է դարձել հենց այդ սպառնալիքները չեզոքացնելու խոստումով եւ պարտավորությամբ:

 

Ամեն ինչ առավել քան պարզ է. հակառակորդին հակահարվածի խնդիրները ներկայում բավական արդյունավետ լուծում է հայկական բանակը, որն այդ հակահարվածի անմիջական պատասխանատուն է: Վարչապետը պատասխանատու է «գալիք» հակահարվածների համար, այսինքն այնպիսի տնտեսության համար, որը հնարավորություն կտա հայկական զինուժի համար ապահովել մոտ կամ հեռու ապագայում արդյունավետ հակահարվածի հնարավորությունը՝ ինչն էլ կունենա հակառակորդին զսպող, կանխարգելիչ դեր:

 

Այդ առումով, Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը հուսադրող չէ, որովհետեւ իրավիճակը բավական հուսադրող է կոռուպցիոներների համար՝ կառավարությունն ընդունել է նրանց պաշտպանության, կամ ավելի շուտ, նկատի ունենալով Հայաստանի կառավարության որակներն ու բնույթը՝ ինքնապաշտպանության ռազմավարությունը:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play