Կոթեցիները կարող են իրենց բարոյականությունը վերականգնել ծայրահեղ միջոցներով. Մեկնաբան


Կոթեցիները կարող են իրենց բարոյականությունը վերականգնել ծայրահեղ միջոցներով. Մեկնաբան

  • 29-09-2015 16:58:13   | Տավուշի մարզ  |  Վերլուծություն
 
Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հեռարձակել սահմանամեձ Կոթի գյուղից: Գյուղը Տավուշի մարզի հրետակողծվող բնակավայրերից է: Բարեբախտաբար, չի ունեցել մարդկային կորուստ, կորուստը միայն նյութական է: Մարդիկ տուժում են բարոյապես ու ոչ այնքան ադրբեջանական կրակոցներից, որքան Հայաստանի իշխանության քայլերից: Կոթեցիները խոսում են այն մասին, որ գյուղի ճանապարհին արագաչափ է տեղադրված, որն աձանագրում է խախտումները եւ տուգանքի մասին ծրարները պարտաճանաչորեն հասցվում են գյուղ:

 

Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունը կրակում է Կոթիի ուղղությամբ, իսկ Հայաստանի իշխանությունը՝ լուսանկարում: Գյուղը հայտնվել է երկու կրակի արանքում: Ընդ որում, առաջին հայացքից է թվում, թե ավելի սարսափելի է ադրբեջանցիների կրակը: Արագաչափն ինքնին սարսափելի չէ, մարդ չի վնասի, ձայն էլ չի հանում, առկայծում է ու վերջ: Սարսափելի է արագաչափի տեղադրումը: Ուղեղի ինչպիսի՞ կառուցվածք պետք է ունենա սահմանամերձ բնակավայրում արագաչափ տեղադրելու մասին որոշում կայացնողը: Բարոյական ինչպիսի նկարագիր պետք է ունենան այդ որոշումը հավանության արժանացնողը, անբարոյականության ինչպիսի տատանում է պետք, որ պատերազմող երկրի սահմանամերձ գյուղում արագաչափ տեղադրվի:

 

Գուցե ռեպորտաժից հետո ինչ-որ մեկը որոշի հանել արագաչափը, գուցե ինչ-որ մեկը ինչ-որ այլ բան որոշի տուգանքների մասով: Գուցե, բայց դրանից չի փոխվի ոչինչ, եթե պետությունում հնարավոր է եղել սահմանամերձ գյուղի շեմին արագաչափ տեղադելու որոշում, ապա հետո այդ որոշման չեղարկումը կարող է լինել թույլ, չափազանց թույլ մխիթարություն:

 

Միեւնույն ժամանակ, հուսահատեցնող է նաեւ այն, որ կոթեցիները հանդուրժել են ու հանդուրժում են արագաչափը: Ինչ խոսք, նրանք, անկասկած, օրինապաշտ քաղաքացիներ են: Սակայն, մի՞թե նրանք կհանդուրժեն օրենքը, ըստ որի Կոթիի բնակչությունը պետք է հաց չուտի կամ ջուր չխմի: Հազիվ թե: Արագաչափի տեղադրումը համեմատելի չէ այդօրինակ ծայրահեղ տեսլականների հետ, բայց երբ հիշում ենք, որ խոսքը սահմանամերձ, հրետակոծվող գյուղում տեղադրված արագաչափի մասին է, ապա իրավիճակը դառնում է ծայրահեղ, ծայրահեղ անբարոյական: Հետեւաբար, կոթեցիներն էլ ունեն արագաչափի դեմ պայքարելու ծայրահեղ միջոցի իրավունք՝ եթե իշխանությունը նրանց հանդեպ թույլ է տվել այդ ծայրահեղ անբարոյականությունը, ապա կոթեցիները կարող են իրենց թույլ տալ բարոյականությունը վերականգնել ծայրահեղ միջոցներով:

 

Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությունը տարիներ շարունակ դրսեւորել է պետական ու քաղաքացիական բարձր, բարձրագույն գիտակցություն: Մարդիկ լռել են անմարդկային պայմանների, կենցաղի ու անվտանգության տարրական, կարեւոր բաղադրիչների բացակայության կապակցությամբ, համարելով, որ իշխանությունը գիտե դրա կարիքն ու անպայման կանի հնարավորության դեպքում, համարելով, որ պետք չէ ավելորդ պահանջներով որեւէ իրավիճակ լարել կամ սրել:

 

Հետեւանքը եղել է այն, որ իշխանությունը տասնյակ, հարյուրավոր միլիոններ ու միլիարդ դրամներ է ծախսել ամեն ինչի վրա, բայց սահմանամերձ բնակավայրերը չի բերել պատերազմող երկրի համար անհրաժեշտ անվտանգության նվազագույն բավարար մակարդակի՝ թե սոցիալ-տնտեսական, թե բարոյահոգեբանական, թե նաեւ քաղաքացիական պաշտպանության առումով: Իշխանությունը շահագործել է սահմանամերձ գյուղի բնակիչների համբերատարությունը, քաղաքացիական ու պետական բարձր գիտակցությունը:

 

Ներկայումս ակնհայտ է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է փոխեն իրենց վարքն ու խնդիրների հանդեպ մոտեցումները: Խոսքը «հեղափոխություն» անելու մասին չէ: Պարզապես նրանք պետք է առավել հաստատակամ եւ եռանդուն, առավել պահանջատեր լինեն իրենց բնակավայրերի անվտանգության, սոցիալ-տնտեսական, հոգեբանական, քաղաքացիական պաշտպանության հետ կապված անհրաժեշտություններում: Դա ուղղակի առնչություն ունի Հայաստանի ազգային, պետական անվտանգությանը: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանի իշխանությունն այդ հարցում նախաձեռնող չէ, շահագործող է: Արագաչափը դրա ցցուն, աղաղակող վկայությունն է:

 

Հետեւաբար, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի եւ ըստ այդմ, Հայաստանի հանրապետության անվտանգության հարցում հրամայական է դառնում տեղի բնակիչների նախաձեռնողականությունը՝ իշխանությանը ներկայացվող պահանջներում: Զինված ուժերը պահում են սահմանը, այդ բնակավայրերը առաջնագծի թիկունքն են, պատվարը: Հետեւաբար բնակիչներն իրենց ակտիվությամբ եւ նախաձեռնողականությամբ պահելու են զինված ուժերի անմիջական թիկունքը:

 

Որքան էլ Երեւանում փորձեն ակտիվություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերի հանդեպ Հայաստանի իշխանության վերաբերմունքը հիմնարար կերպով փոխելու համար, միեւնույն է, այդ ակտիվությունը չի կարող անել այն, ինչ սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենք:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play