Արդյո՞ք պատահական է եղել ոստիկանության կողմից պատգամավորին բերման ենթարկելու փորձը. Մեկնաբան


Արդյո՞ք պատահական է եղել ոստիկանության կողմից պատգամավորին բերման ենթարկելու փորձը. Մեկնաբան

  • 05-10-2015 17:59:41   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Սահմանադրության նախագծի հոկտեմբերի 5-ի խորհրդարանական քվեարկությունը ուղեկցվեց Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ակցիայով, որ կազմակերպել էր Չեք անցկացնի՚ նախաձեռնությունը: Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մի շարք մասնակիցների, նույնիսկ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին են փորձել բերման ենթարկել, նախ ուժով մտցրել են ոստիկանական մեքենա, հետո էլ ուժով դուրս բերել այնտեղից՝ երբ հասկացել են, որ գործ ունեն անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորի, ոչ թե շարքային քաղաքացու հետ:

 

Թե ինչու՞ է ոստիկանությունը գնացել իրադարձությունների այդօրինակ լարման, դժվար է ասել: Անմեկնելի են Աստծո ճանապարհները, ինչպես կարող էր ասել ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներով բողոքի ցույցը տապալելու էր խորհրդարանի քվեարկությունը: Ավելին, Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներն ավելի բազմամարդ են դառնում հենց ոստիկանական ուժի կիրառումից հետո, երբ քաղաքացիները շտապում են աջակցել բռնության ենթարկված քաղաքացիներին, անկախ քաղաքական կամ գաղափարական դիրքորոշումից:

 

Բերման ենթարկված քաղաքացիների շարքում է եղել նաեւ փաստաբան Տիգրան Եգորյանը:

 

Արդյոք պատահական է եղել պատգամավորին բերման ենթարկելու փորձն ու բերման ենթարկվողների մեջ փաստաբանի, այն էլ իր ընդդիմադիր քաղաքացիական կեցվածքով հայտնի փաստաբանի ներառումը: Դժվար է ասել: Ավելի շուտ դժվար է հավատալ, որ ոստիկանությունը՝ այն էլ այդօրինակ գործողության մեջ մասնագիտացած ստորաբաժանումները դեմքով չճանաչեն հայտնիներին: Face control-ը այդ առումով Հայաստանի իրավապահ կառույցներում թերեւս դրված է բավական պատշաճ մակարդակի վրա:

 

Ավելի հավանական է թվում այն, որ ոստիկանությունը փորձել է իր գործողություններով թողնել ինչ որ հաղորդագրություն:

 

Մի քանի օր առաջ ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարել էր, որ եթե Սահմանադրության փոփոխության դեմ շարժումը անցնի օրենքի սահմանը, ապա ոստիկանությունը «կպարի»: Գասպարյանը նկատի էր ունեցել Բաղրամյան պողոտայում օրեր առաջ Ոչ թալանի նախաձեռնության կազմակերպած ակցիան ցրելու ոճը՝ ոստիկանները ակցիան ցրեցին պարային հնարքով:

 

Ոստիկանապետն ըստ երեւույթին փորձել է սահմանադրության փոփոխության դեմ հանդես եկող քաղաքացիներին եւ ուժերին ցույց տալ, որ ոստիկանությունը կանգ չի առնի ոչ մի բանի առաջ: Առջեւում համեմատաբար երկար մարաթոն է, մինչեւ հանրաքվե: Այդ ընթացքում հնարավոր է շատ բան, առավել եւս, որ Հայաստանի քաղաքական համայնապատկերում բավական խայտաբղետ են Սահմանադրության փոփոխության հանդեպ կողմ կամ դեմ դիրքորոշում որդեգրած ուժերի իրական դիրքորոշումներն ու մտադրությունները:

 

Մյուս կողմից, սակայն, այդ խայտաբղետությունը լիովին կարող է տարածվել նաեւ ոստիկանության վրա, այսինքն ազդել ոստիկանության գործողությունների վրա, այդպիսով այդ գործողությունները դարձնելով դժվար կառավարելի եւ վերահսկելի: Համենայն դեպս, ակնհայտ է, որ պատգամավորին բերման ենթարկելու փորձը, նաեւ հայտնի եւ շնորհալի փաստաբանին բերման ենթարկելը ոստիկանությանը անխուսափելիորեն դնում է աղմկոտ եւ անհարմար իրավիճակի մեջ, գլխացավանքի մեջ:

 

Եվ հարց է առաջանում, թե արդյոք ակցիան արժեր այդ գինը, որ ոստիկանությունը վճարելու է դրա դեմ իր գործողությունների համար: Կամ, արդյոք իրավիճակն արժեր այն գինը, որ ոստիկանությունը վճարելու է «ոչնչի առաջ կանգ չառնելու» իր պատրաստակամության հաղորդագրությունը հղելու համար:

 

Որքանո՞վ է ոստիկանությունը հստակ կառավարելի, որպեսզի կարողանա խուսափել իր համար ավելորդ աղմկահարույց քայլերից: Այսինքն, ոստիկանությունը սաբոտաժի ենթակա՞ է, թե ոչ:

 

Այդ հարցը սահմանադրական փոփոխության հանրաքվեի գնացող իշխանության համար երկրորդական չէ: Հետեւաբար, գուցե անհավանական չէ այն, որ ԱԺ դիմաց ակցիայի հանդեպ մեղմ ասած անհամարժեք ուժի կիրառումով ոստիկանությունը եւ իշխանությունն ընդհանրապես ոչ միայն կարող էին իրականացնել հասարակությանը, ակտիվ քաղաքացիներին ահաբեկելու պատրաստակամության եւ հաստատակամության հերթական ցուցադրությունը, այլ նաեւ իրականացնեին ոստիկանության «կառավարելիության» թեստ հենց իրենց իսկ համար:

 

Ոստիկանությունը Սահմանադրության փոփոխության նախաձեռնության հարցում ունենալու է զգալի դեր: 

 

Ավելին, այդ կառույցը Սերժ Սարգսյանին պետք է երկակի իմաստով՝ մի կողմից քաղաքացիներին դիմագրավելու, մյուս կողմից հավանական ներիշխանական սաբոտաժները կանխելու համար, քանի որ բոլորովին գաղտնիք չէ իշխանության թեւերի միջեւ սուր մրցակցությունն ու հավակնություններով պայմանավորված հակադրությունը, եւ հենց այդ շրջանակում էլ տարբեր բեւեռներում դժգոհությունը կառավարման մոդելի փոփոխությունից եւ իշխանության միագագաթ համակարգի լուծարումից: Եվ ներիշխանական սաբոտաժներից ապահովագրվելու համար Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին պետք է փորձի պարզել, թե որքանով է սաբոտաժի ենթակա լինելու հարցում ապահովագրված ոստիկանությունը, որը պետք է կանխի ներիշխանական սաբոտաժները:

 

Ըստ երեւույթին, աղմկոտ իրավիճակներն այդ առումով ոստիկանության թեստավորման լավագույն առիթն են, հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել այդ կառույցում՝ կարեւոր «միջոցառմանն» ընդառաջ:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play