Ստալինյան ռեժիմից փախուստի դիմած Սուսերամարտիկի մասին ֆիլմը ներկայացվելու է «Օսկար» մրցանակի


Ստալինյան ռեժիմից փախուստի դիմած Սուսերամարտիկի մասին ֆիլմը ներկայացվելու է «Օսկար» մրցանակի

  • 13-10-2015 13:15:10   | Էստոնիա  |  Մշակույթ

Ի նշան հայ ժողովրդի նկատմամբ էստոնացի ժողովրդի հարգանքի և երկու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամության` Երևանում տեղի ունեցավ «Սուսերամարտիկը» խաղարկային ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը: 
 
Էստոնիայի, Ֆինլանդիայի և Գերմանիայի համատեղ արտադրության խաղարկային  ֆիլմը ներկայացված է 2015 թվականի «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ֆիլմն արտադրող Allfilm ընկերության համապրոդյուսեր Իվո Ֆելտը եղել է նախորդ տարվա  «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 լավագույն ֆիլմերից «Մանդարինովի» համապրոդյուսերը: 
«Սուսերամատիկը»  էստոներեն լեզվով` ռուսերեն ենթատեքստերով պատմում է խորհրդային ժամակաշրջանում տիրող ստալինյան դաժան ռեժիմի պայմաններում Լենինգրադում հետապնդվող հայտնի սուսերամարտիկի մասին, ով փախչում է  էստոնական փոքրիկ Հաափսուլա քաղաք: Այստեղ նա աշխատանքի է անցնում  միջնակարգ դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 
Սուսերամարտի նկատմամբ ունեցած սերը ֆիլմի հերոսին ստիպում է դպրոցում ծրագրից դուրս սուսերամարտ սովորեցնել աշակերտներին և որոշ ժամանակ հետո նրանց տանել մասնակցելու սուսերամարտի համամիութենական առաջնությանը Լենինգրադում։ Ֆիլմի վերջնամասում Հաափսուլայի դպրոցականների թիմին հաջողվում է Լենինգրադում հաղթանակ տանել, սակայն երբ գալիս այն տոնելու պահը, սուսերամարտի ուսուցչին ձերբակալում են: 
Ֆիլմն ունենում է երջանիկ ավարտ, Ստալինի մահից հետո ազատ են արձակվում բազմաթիվ ձերբակալվածներ, այդ թվում նաև ֆիլմի գլխավոր հերոսը, ով վերադառնում է Հաափսուլա իր սիրելի կնոջ և աշակերտների մոտ, ովքեր հույսով սպասում էին նրան:  
Ֆիլմի երևանյան ցուցադրությանը ներկա էին ՀՀ Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը, ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը, «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Մելիս Կուբիտսը և ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորած դերասաններ Մյարտ Ավանդին և Ուրսուլա Օյան: 
Մ. Ավանդիի փոխանցմամբ` ֆիլմի հիսուն տոկոսը հիմնված է իրական պատմության վրա, իսկ մյուս մասը ֆին ռեժիսորի գեղարվեստական մշակումն է: 
Նրա տեղեկացմամբ` ռեժիսորի որդին ևս զբաղվել է սուսերամարտով, իսկ նրա սուսերամարտի ուսուցիչը եղել է ֆիլմի գլխավոր հերոսի տղան: 
«Նոյյան Տապանի» թղթակցի հարցին, թե արդյոք ֆիլմի հերոսը և երեխաները զբաղվել են  սուսերամարտով, Մ. Ավանդին նշեց, որ ֆիլմի դրվագներն ստանալու համար պարզապես երկու ամիս պարապել են, ինչը շատ քիչ է սուսերամարտին տիրապետելու համար: 
«Սուսերամարտիկի» ցուցադրությունն իրականցվեց «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր, ազգությամբ էստոնացի Մելիս Կուբիտիսի նախաձեռնությամբ: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ