Կոռուպցիան հնարավոր շահերի բախումն ու բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հետ կապված հարցերն ուսումնասիրելն է.Արտակ Մանուկյան


Կոռուպցիան հնարավոր շահերի բախումն ու բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հետ կապված հարցերն ուսումնասիրելն է.Արտակ Մանուկյան

  • 19-10-2015 18:49:51   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Lragir.am-ի հարցերին պատախանում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը

 

Պարոն Մանուկյան, վերջին շրջանում արտերկրյա գործիչները բարձրաձայնում են Հայաստանի տնտեսությունում գոյություն ունեցող կոռուպցիոն մեխանիզմների ու մենաշնորհների մասին, իշխանություններին կոչ անելով քայլեր ձեռնարկել: Նմանօրինակ հայտարարություններ վերջին շրջանում արեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Եվրամիության նոր դեսպանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Ի՞նչ ուղերձ են պարունակում այս հայտարարությունները:

 

Այդ բոլոր հայտարարություններն ակնհայտորեն ունեն նաև քաղաքական ենթատեքստ: Այդ բոլոր կառույցները Հայաստանին տարբեր ծրագրերով փող են տալիս: Կարծես թե անարդյունավետությունը, որը տիրում է այդ ծրագրերում, հասել է կրիտիկական կետին, և նրանք արդեն չեն ուզում աչք փակել ու դրա մասին բարձրաձայնում են: Իսկ այդ անարդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի նպատակն ու փաստացի կատարված աշխատանքն իրարից էապես տարբերվում են: Եթե իշխանությունն իրեն «չհավաքի», իրոք բարեփոխումներ չանի, այս հայտարարությունների հաջորդ քայլը կարող է լինել, որ նման ծրագրերը կդադարեցվեն:

 

Այսինք՝ միջազգային կառույցները կդադարեցնե՞ն ֆինասավորումը:

 

Այո: ԱՄՆ դեսպանատունն ու Եվրամիությունը մեր տարածաշրջանը դիտարկում են որպես տնտեսություն, որն ունակ է սեփական ուժերով զարգանալու և ինչ-որ առումով հակակշռելու ռուսական տնտեսությանը: Ակնհայտ է, որ իրենց ներդրումները տվյալ պարագայում չեն արդարանում: Մենք չենք տեսնում, որ Հայաստանի տնտեսությունը որևէ առումով մրցակցային է դառնում կամ ուզում է շուկայական տնտեսության սկզբունքները որդեգրել, հակառակը, կախվածությունը ռուսական ընկերություններից ավելի է մեծանում:

 

Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե կոռուպցիա կա, իրենց գումարները փոշիանում են, եւ իրենց հնարավոր քաղաքական դիվիդենտները ևս չեն ստացվում, էլ ի՞նչ իմաստ կա նման ներդրումների: Մեծ հաշվով, սա հենց այդ ուղերձն է, որին եթե լրջորեն չմոտենան մեր իշխանությունները, իհարկե, այդ գումարները կկորցնեն: Խոսվում է, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց տնտեսական ակտիվացման ծրագրերում չի նկատվում ռուսական օժանդակություն: Արևմուտքն է, որ անհատույց ինչ-որ միջոցներ է տրամադրում: Ռուսաստանը պարտադիր կամ վարկ է տալիս, կամ գույք պարտքի դիմաց գործարքներ է անում: Այսինքն՝ տնտեսական առումով ռուսական աջակցության մասին խոսելը մի փոքր լուրջ չէ:

 

Հայաստանի կառավարությունը Ներդրումային քաղաքականության հայեցակարգ է շրջանառության մեջ դրել, և հայտարարվում է, որ դրանով էապես կբարելավվի Հայաստանի ներդրումային միջավայրը: Այնինչ, տնտեսությունում ունենք վերանշյալ խնդիրները, ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալալ:

 

Դեռ չի եղել դեպք, որ կառավարության որևէ հայտարարություն իրականություն լինի: Ես դրան լուրջ չեմ վերաբերվում, որովհետև լուրջ մոտենալու համար առաջին հերթին պետք է լինի պատժելիության մթնոլորտ: Այսինքն՝ եթե որևէ մեկը ներդրումային միջավայրը խաթարում է, նրան պետք է պատժեն: Հայաստանում բազմաթիվ օրինակներ կան, երբ անազնիվ մրցակցություն է լինում: Դուք գիտե՞ք, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, մի խոշոր ձուկ կամ գլուխ, որը պատժվել է: Ինչ-որ շոուների ժամանակ, թղթեր մրոտելու համար նորմալ է մեր ներդրումային հայեցակարգը, բայց ներդրումային հայեցակարգի կարևոր արդյունքն օտարերկրյա ներդրումների աճն է: Այսօր, երբ նայում ենք մեր ներդրումների կառուցվածքը, մեծամասամբ դրանք կատարվել են հանքարդյունաբերության ոլորտում, օֆշորային գոտիներից: Դեռ պարզ չէ, նույն հայկական ընկերությունները վերաֆինանսավորում են անում օֆշորային գոտիներում, թե չէ: Իսկ ամենակարևոր մրցակցային ազդակը գներն են: Եթե գների առումով չկա մրցակցություն, այդ ներդրումային հայեցակարգերն այդպես էլ թղթի վրա կմնան:

 

Ինձ թվում է, այս հայեցակարգին հենց այդ ապագան է սպառնում, որ կմնա թղթի վրա: Ներդրումային բերանպաստ միջավայր առաջին հերթին նշանակում է հայրենական արտադրության խթանում, իսկ մենք՝ որպես տնտեսություն, բացի գյուղատնետսությունից այլ բան չենք արտադրում: Մեր արտահանման կառուցվածքը նայում ենք, առաջին տեղում հանքահումքային ապրանքն է, այսինքն՝ որևէ մտավոր կապիտալ դու չունես ու խոսում ես ներդրումային միջավայրի բարելավման մասին: Քանի որ իրանական շուկան ավելի պահպանողական է, իսկ մեր օրենսդրությունը Իրանի համեմատ ավելի լավն է, Իրանի վրայից պատժամիջոցները հանելու պարագայում Հայաստանն ինչ-որ առումով հնարավորություն է ստանում: Եթե օտարերկյա խոշորագույն ֆիրմաները նպատակահարմար համարեն գալ այստեղ Իրանի համար, դրա համար դու ուզում ես ներդրումային հայեցակարգ գրի, ուզում ես մի գրի, միևնույն է, կգան: Իսկ մենք շատ տեսանելի բարեփոխումներ անելով կարող էինք շահել, երբ շուկան իրոք կզգա մրցակցության շունչը:

 

Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներից՝ հաշվի առնելով այն, որ դրա կազմում բարձրաստիճան պաշտոնայներն են, որոնց անունը կապվում է տարբեր բիզնեսների հետ: Ի դեպ՝ այս խորհրդի գործունեության համար ևս ամերիկյան կողմը հսկայական միջոցներ է հատկացրել:

 

Իշխանությունն այսօր խոսում է տարատեսակ ֆինանսավորումների, գրանտակերների մասին: Եթե ուսումնասիրում ենք, Եվրամիության, ԱՄՆ գրանտների մեծ մասը խժռում են հենց պետական կառույցները: Նայեք ցանկացած նախարարություն, կտեսնենք, որ իրենց աջակցության ծրագրերի մեծ մասը հենց արտասահմանյան դոնորների գումարներն են: Կոռուպցիան ներքին խնդիր է, կոռուպցիայի մակարդակի նվազեցումը պետք է լինի կառավարության թիվ մեկ լուծման խնդիրը: Ի՞նչն էր խանգարում, որ հակակոռուպցիոն խորհուրդն արդյունավետ գործեր նախկինում: Այդ գումա՞րն  էր պակասում, որ պետք է ԱՄՆ ՄԶԳ-ն տար: Եթե ամերիկյան կողմը մեկ անգամ այդ գործի համար ներդրում էր կատարել, ստեղծել էր խորհուրդ, իսկ այդ խորհուրդը ոչինչ չէր արել, անհասկանալի է նորից նույն աշխատանքների համար գումար հատկացնելը: Սա ակնհայտորեն կապ ունի իմ ասած վերջին հնարավորության հետ: Իրենք էլ լավ հասկացել են, որ եթե նորից գումար ուղղեն այդ աշխատանքներին, այս քննադատությունը կլինի: Բայց իրենք արել են դա՝ ենթադրելով, որ սա վերջին շանսն է ՀՀ կառավարության համար, որ նրա հետ՝ որպես լուրջ գործընկերոջ, հաշվի նստեն: Սրանով դրված է վստահության հարցը: Իսկ ինչ վերաբերում է խորհրդի գործունեությանը, ես որևէ տեսանելի փոփոխություն, որն այս ընթացքում այն կարող էր անել, չեմ տեսնում: Ընդհակառակը, նույն սահմանադրական փոփոխությունները ցույց են տալիս, որ այդ մասով որեւէ փոփոխություն պետք չէ ակնկալել, քանի որ հրապարակումներ եղան, որ սահմանադրական փոփոխություններով շահերի բախման խնդիրը չի լուծվում: Իսկ կոռուպցիան միայն կաշառքը չէ, կոռուպցիան նաև հնարավոր շահերի բախումն ու բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հետ կապված հարցերն ուսումնասիրելն է: Օրինակ, ես վերջրես ներկայացրեցի, որ մարզերում բարձրաստիճան պաշտոնյան իր դիրքը չարաշահում է, իրեն հանեցին աշխատանքից, բայց պաշտոնական հիմքը ոչ թե այն է, որ ինքը չարաշահել է պաշտոնը, այլ ազատվել է իր դիմումի համաձայն: Այսինքն՝ իրենք ծածկադմփոց են անում, այդ դեպքում ո՞նց են ուզում այդ երևույթի դեմ պայքարել:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play