Աշխարհը ներկվում է ՄԱԿ-ի կապույտով՝ ի նշանավորում Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակի


Աշխարհը ներկվում է ՄԱԿ-ի կապույտով՝ ի նշանավորում Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակի

  • 23-10-2015 17:56:58   | ԱՄՆ  |  Միջազգային
Երևան, հոկտեբերի 23, 2015 թ. - Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:
 
Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք նշանավոր կառույցներ՝ Ավստրալիայում Սիդնեյի օպերային թատրոնից մինչև Եգիպտոսում Գիզայի բուրգերը, Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանից մինչև Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ կլուսավորվեն կապույտով: Այլ մասնակիցների թվում են Ռուսաստանի «Էրմիտաժ» թանգարանը, Հորդանանի հնադարյան Պետրա քաղաքը, Պիզայի թեք աշտարակն Իտալիայում, Միացյալ Թագավորության Էդինբուրգի ամրոցն ու Վեստմինստերյան կենտրոնական սրահը, Հարավային Աֆրիկայի Սեղանաձև լեռը, Ճապոնիայի ՍքայԹրի աշտարակը և Իսպանիայի Ալհամբրա համալիրը:
 
Հայաստանը նույնպես միանում է համաշխարհային այս արշավին, ու Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը, 5-7 դարերի Սուրբ Գրիգոր տաճարը (Զվարթնոց) Վաղարշապատում, Թուֆենկյան Հին Դիլիջան (19-20-րդ դարեր) համալիրը Դիլիջանում և Մայր Հայաստան հուշարձանը Գյումրիում հոկտեմբերի 23-ին և 24-ին կլուսավորվեն կապույտով:
 
«Ես երախտապարտ եմ, որ մեր անդամ երկրներն այսքան մեծ խանդավառությամբ են նշում ՄԱԿ-ի 70-տարին՝ նվիրված խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների աջակցությանը,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:- Մեկ օրով ներկելով աշխարհը ՄԱԿ-ի կապույտով՝ կարող ենք լուսավորել դեպի ավելի լավ ապագա տանող ճանապարհը»:
 
Համաշխարհային հոբելյանական արարողությունները կմեկնարկեն Նոր Զելանդիայում, ապա Ավստրալիայում՝ մթնշաղին լուսավորելով Սիդնեյի օպերային թատրոնը, և այնտեղից ՄԱԿ-ի կապույտի ալիքը կտարածվի երկրներով ու մայրցամաքներով, քանի որ միջազգային միջոցառմանը մասնակցում են նշանավոր կառույցներ ամբողջ աշխարհից:
 
ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնական գրասենյակի շենքը կլուսավորվի 2 գիշեր՝ սկսած հոկտեմբերի 23-ից, երբ տեղի կունենա ՄԱԿ-ի օրվան նվիրված ամենամյա համերգը, և եզրափակվելով հոկտեմբերի 24-ին:
 
Այս համաշխարհային միջոցառումը լայնորեն կլուսաբանվի սոցիալական ցանցերում՝ #UNBlue հեշթեգի կիրառմամբ, ի հավելումն ամբողջ տարին օգտագործված #UN70-ի, և կտարածվի Instagram, Facebook, Twitter, Weibo, Flickr և այլ հարթակներում ՄԱԿ-ի միլիոնավոր հետևորդների շրջանակում:
 
Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի կապույտով ներկված նշանավոր կառույցների լուսանկարներն ու տեսանյութերը հասանելի կլինեն լրատվամիջոցներին Flickr-ի (http://j.mp/UNBluePhotos) և UNIFEED-ի (http://www.unmultimedia.org/tv/unifeed/) միջոցով:
 
«Ներկենք աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» արշավի և ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված համաշխարհային միջոցառումների ու տոնակատարությունների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել www.un.org/un70 կայքէջում:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play