ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր


ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր

  • 26-10-2015 17:50:04   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի հետ` ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:
 
 Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ  արդեն իսկ կառուցվել  և շահագործման են հանձնվել թվով հինգ սպանդանոցներ,  առաջիկայում նախատեսվում է հանրապետության սպանդանոցային ցանցը ևս երկուսով համալրել, ինչը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել ժամանակակից սարքավորումներով` սպառողներին ապահովելով անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով: Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցների աշխատանքները պետք է հիմքեր ստեղծեն աստիճանաբար բակային մորթից հրաժարվելու և հետագայում նաև հարցին օրենսդրական կարգավորում տալու համար:
 
«Մենք մեծապես կարևորում ենք սպանդանոցների աշխատանքը, քանի որ անչափ մեծ է դրանց դերը մեր երկրում սննդի անվտանգության ապահովման և առհասարակ, անասնապահության զարգացման խթանման գործում, և մեր նպատակն է քննարկել ու լուծում տալ բոլոր խնդիրներին, որպեսզի շահագործման հանձնված սպանդանոցները սկսեն ամբողջ թափով աշխատել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
 Հանդիպման ընթացքում սպանդանոցների սեփականատերերը նախարարին ներկայացրել են ընթացիկ իրավիճակն ու առկա խնդիրները: Ըստ այդմ` մի քանի սպանդանոցներ արդեն իսկ սկսել են մորթ իրականացնել,  ունեն պայմանագրեր ներքին շուկայում, ինչպես նաև արտահանումներ են իրականացնում` մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս մասի մոտ կան իրացման խնդիրներ` կապված արտադրանքի մրցունակության հետ:
 
Հանդիպման քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են հանրային սննդի օբյեկտներին մատարակարարվող միսը պարտադիր կարգով սպանդանոցային մորթի ենթարկելու հարցը:
 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին քայլեր նախաձեռնել իրենց գործունեությունն ակտիվացնելու ուղղությամբ` ընդգծելով, որ պետությունը կարևորում է սննդի անվտանգության հարցը և պատրաստ է  իր հնարավորություն սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play