Գլոբալ անորոշությունը կարող է օգնել Ռուսաստանի՝ «դեպի Արևելք շրջվելուն»


Գլոբալ անորոշությունը կարող է օգնել Ռուսաստանի՝ «դեպի Արևելք շրջվելուն»

  • 28-10-2015 18:27:34   |   |  Վերլուծություն
Անցած ամռանը չինական ֆոնդային շուկայում տեղի ունեցած ճգնաժամը բանավեճեր հարուցեց այն մասին, թե արդյոք սպառել է ՉԺՀ-ն աճի ռեսուրսները, որոնք ժամանակին ապահովվել էին Դեն Սյաոպինի ռեֆորմներով։
 
Իսկ սրացող կառուցվածքային անհավասարակշռությունը վերջին ժամանակների մրցակցային առավելությունները վերածում է աճի խոչընդոտների և կայունության սպառնալիքի։
 
Վերջին տարիներին գալիք աշխարհակարգի մասին դատողությունների մեծամասնությունը բխում էր այն բանից, թե Չինաստանը կդառնա (և ուզում է դառնալ) գերտերություն։ Աճող Չինաստանի ուրվականը, լիարժեք «վիշապի» վերածվելու ակնկալիքը պայմանավորում էին համաշխարհային մթնոլորտը։ Մեկնակետ ծառայեց 2008թ. ֆինանսական ճգնաժամը, որի էպիկենտրոնը ԱՄՆ-ն էր։ ՉԺՀ-ն կարողացավ հաղթահարել այն ամենափոքր տնտեսական և իմիջային կորուստներով։ Որոշ տնտեսագտեներ սկսեցին խոսել ավտորիտար կառավարման առավելությունների մասին, որը թույլ է տալիս, ի տարբերություն զարգացած դեմոկրատիաների, արագ որոշումներ ընդունել և ռեսուրսները կենտրոնացնել կարևորագույն ուղղություններում։
 
Ի ցույց դնելը, թե այս մոդելն էլ է խոցելի, կարող է նշանակել ոչ միայն փախուստ սպեկուլյատիվ կապիտալներից դեպի սովորական զարգացած շուկաներ, այլ նաև Չինաստանից ակնկալիքների նվազում գլոբալ ասպարեզում։ Իսկ դա նույնպես միանգամայն նյութական ակտիվ է։ Ընդ որում՝ ճիշտ է, արևմտյան քաղաքական «շուկաները», հատկապես եվրոպականը, «լավատեսություն չեն ներշնչում, և հազիվ թե Չինաստանում հիասթափություն առաջացնի արևմտակենտրոն համաշխարհային համակարգի վերադարձի հանդեպ հավատի փայլատակումը։ Բայց կչափավորի այլընտրանքների ակնկալիքները։
 
Ինչպե՞ս կարձագանքի Պեկինը տնտեսական դժվարություններին։ Կվերադառնա ավելի զուսպ և զգուշավոր գծի՞ն, որը մի ժամանակ կտակել էր Դենը, թե՞, ընդհակառակը, կփորձի փոխհատուցել ներքին տարաձայնությունները արտաքին համառամտության աճով։ Ելնելով չինական ղեկավարության ընդհանուր մոտեցումից, որը չի սիրում ավելորդ ռիսկեր, ավելի հավանական է առաջինը։ Սակայն եթե 20 տարի առաջ դա անպայման շահող տարբերակ էր, ապա այսօր իրավիճակը փոխվել է։
 
Հիմա Պեկինի համար շատ ավելի դժվար է շահ կորզել գլոբալ տնտեսությունից՝ կարգապահորեն խաղալով նրա կանոններով, ինչպես առաջ էր։ Միասնական առևտրատնտեսական տարածքի հատվածայնացումը մեգաբլոկների, փաստորեն, արդեն ընթանում է, և Միացյալ Նահանգների կողմից Ատլանտիկայում ու Խաղաղ օվկիանոսում դաշնակիցների հետ առևտրա-ներդրումային գործընկերությունների ստեղծման հետևանքները Չինաստանի և դրանց մեջ չմտնող այլ երկրների համար մասշտաբային կլինեն։
 
Միևնույն ժամանակ, ՉԺՀ-ն որպես ԱՄՆ հավանական մրցակից ընկալելն արդեն գործնական հարթություն է մտել, Պեկինին զսպելու միջոցներ կձեռնարկվեն նաև այսուհետ, նախևառաջ՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայում։ Բայց չինական հասարակությունը մշտական աճի երկարատև շրջանից հետո իր ղեկավարությունից սպասում է մեծ տերությանն արժանի պահվածք (այստեղից էլ՝ Չինաստանում Վլադիմիր Պուտինի ժողովրդական պոպուլյարության երևույթը)։ Ուստի, տարածաշրջանային քաղաքականության հարցերում Պեկինի ղեկավարությունն ազգային շահերի պաշտպանության գործում պետք է ցուցադրի անզիջումություն այնքանով, որքանով որ կծագեն կասկածներ տնտեսության հեռանկարների վերաբերյալ։ Այլ խոսքով՝ փոփոխություններ չեն նախատեսվում, լատենտ լարվածությունն Ասիայում չի թուլանա։
 
Ինքնըստինքյան եզրահանգում է առաջանում, որ Ռուսաստանն այնքան էլ լավ պահի չի որոշել «շրջվել» դեպի Ասիա, առաջին հերթին՝ դեպի Չինաստան։ Պեկինն, իբր, մեր ժամանակը չունի, նա կուզենար իր խնդիրներից գլուխ հանել, և փող էլ այնտեղից սպասելն իմաստ չունի։ Բայց կա նաև այլ տրամաբանություն։ Աճող ներքին և արտաքին անորոշության պայմաններում Չինաստանին հատկապես պետք է ամուր հենարան, և, բացի Ռուսաստանից, թեկնածուներ չկան։ Ինչ վերաբերում է կապիտալ ներդրումներին, ապա անգամ ճգնաժամի ֆոնին միջոցների ծավալը, որոնք տնօրինում է Պեկինը, տպավորիչ է։ Իսկ շարժումը դեպի արևմուտք (Մետաքսե ճանապարհի նախագիծ) հենց նախատեսում է շահույթի աղբյուրների ստեղծում երկրի սահմաններից դուրս, բայց այնտեղ, որտեղ չկան քաղաքական ռիսկեր և կախվածություն ավելի ցածր գլոբալ ֆինանսական շուկաներից։ Ամերիկյան մեգաբլոկների ի հայտ գալը նույնպես խթանում է Պեկինի հետաքրքրությունը Եվրասիայի հանդեպ, որը դրանց մեջ չի մտնում։
 
Չարժե Չինաստանի հետ լիամասշտաբ դաշինքի, առավել ևս՝ ամերիկյան ամբրազուրները գրոհելու նրա պատրաստվածության վրա հույս դնել։
 
Բայց դիրքերի պրագմատիկ ամրապնդումը վատթարացող իրադրության պայմաններում կլինի Պեկինի հիմնական նպատակը տնտեսական անկման դեպքում։ Մանավանդ որ 2015թ. ամռան ցնցումները Չինաստանին հիշեցնում են գլոբալ տնտեսության մեջ խոր ներգրավման հակառակ կողմի մասին։
 
Հանուն արդարության պետք է հիշեցնել, որ Չինաստանի շուտափույթ կործանման տեսություններն ալիք առ ալիք ծագում են Արևմուտքում 1990-ականների կեսերից՝ փոխարինելով այլ ալիքների՝ ՉԺՀ հզորացումն անշրջելի է և դրա համար սպառնալիքներ է կրում։ Ժամանակին տարածված երրորդ մոտիվը՝ տնտեսական հաջողություններն անպայման կհանգեցնեն դեմոկրատացման և քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությանը, հիմա հազվադեպ է հնչում, ընդհանուր իրավիճակն աշխարհում և շատ ռեժիմների երկյուղները դրսից ներքին փոփոխությունների խթանման հետ կապված՝ նման բանի չեն տրամադրում։ Ինչևէ, ավելի քան 30 տարի Պեկինին հաջողվել է հերքել ցանկացած բացասական կանխատեսում։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play