Հայաստանյան քրեա-օլիգարխիայի նոր ցուցանակը. Մեկնաբան


Հայաստանյան քրեա-օլիգարխիայի նոր ցուցանակը. Մեկնաբան

  • 28-10-2015 18:35:13   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում զեկույցը, որտեղ Հայաստանն ունի տպավորիչ ցուցանիշներ: Օրինակ, բիզնես սկսելու առումով Հայաստանը 189 երկրների շարքում 5-րդն է, եւ Հայաստանի ցուցանիշը համադրվել է օրինակ Դանիայի հետ, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից Հայաստանը 14-րդ տեղում է:

 

Doing Business զեկույցներում Հայաստանը արձանագրում է կայուն առաջխաղացում: Այդ հանգամանքն էլ Հայաստանի իշխանությունը դարձնում է քարոզչական կայուն գործոն: Առաջիկա ժամանակահատվածում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կսկսի տարփողել Doing Business 2016 զեկույցում Հայաստանի հաջողությունները, որպես իր գործունեության արդյունք:

 

Doing Business զեկույցը թուղթ է, որը կապ ունի թղթային իրականության հետ: Բանն այն է, որ բիզնես սկսելը մի բան է, բիզնեսը վարելը, շարունակելը, պահպանելը՝ մեկ այլ բան: Սկսելը կարող է հեշտ լինել, դա վատ չէ, բայց մեծ հաշվով դառնում է ոչինչ, եթե հետո գրեթե անհնար է այն վարելը: Անհնար է, որովհետեւ նույն Doing Business զեկույցները կազմող կառույցների փորձագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսությունն Արեւելյան Եվրոպայում ամենամենաշնորհված, օլիգոպոլացված տնտեսությունն է, որտեղ մենաշնորհների տերեր են անգամ կառավարության անդամները:

 

Օրերս այդ մասին հայտարարել էր նաեւ Վերակառուցման ու զարգացման բանկի ներկայացուցիչը: Ինչ նշանակություն ունի բիզնեսի հեշտ գրանցումը, գործի դյուրին մեկնարկը, եթե տնտեսվարումն արդեն բախվում է հակամրցակցային իրավիճակին:

 

Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Սիլուանովը նախօրեին հայտարարել է, որ եթե իրավիճակը շարունակվի նույն կերպ, ապա 2016 թվականը թերեւս վերջինը կլինի Ռուսաստանի պահուստային ֆոնդի համար, որտեղից ներկայում կատարվում են այն ծախսերը, որոնք տնտեսությունն արդեն հնարավորություն չի տալիս կատարել բյուջեով, քանի որ պատժամիջոցներ կան եւ կա նավթի գնանկում: Իսկ վիճակը ամենայն հավանականությամբ կշարունակի մնալ նույնը, համենայն դեպս քանի դեռ նույնն է մնում Պուտինի քաղաքականությունը:

 

Դա նշանակում է, որ նույնն են մնալու Հայաստանի տնտեսության մարտահրավերները՝ ռուսական «սոցիալական» ներդրումների բացակայություն, տրանսֆերտների բացակայություն, ռուսական ռուբլու ցածր փոխարժեք եւ ըստ այդմ արտահանման ծավալների նվազում հայկական արտադրանքի համար:

 

Հայաստանի կառավարությունն ավելի քան մեկ տարվա ընթացքում չի գտել այդ խնդիրների համարժեք լուծում, չի օգնել նոր շուկաների հարցում, չի կարողացել ներգրավել նոր ներդրումներ, չի կարողացել մեծացնել տնտեսության դիվերսիֆիկացիան, անգամ բնության շնորհիվ առատ բերքի մթերումը չի կարողացել կազմակերպել այնպես, որ գյուղացիները գոհ մնան բարեբեր կլիմայից: Հույս էլ չկա, որ Հայաստանի կառավարությունը որեւէ լուծում կգտնի:

 

Գործնականում դա անհնար է: Որովհետեւ Հայաստանի կառավարությունում պարզապես չկա անհրաժեշտ լուծումների ինտելեկտուալ պոտենցիալը, միաժամանակ չկան անհրաժեշտ լուծումների ներքին որակները նաեւ արժեհամակարգային, կենսափիլիսոփայական հարթության վրա, մտածողության առումով, եւ վերջապես ՝ երազանքների մասշտաբում:

 

Հայաստանում այդ պոտենցիալը կա, պարզապես խեղդված է մենաշնորհներով եւ քվոտավորված օլիգոպոլիաներով: Այդ պոտենցիալին թողնված է միայն բիզնես սկսելու ազատ հնարավորությունը կամ ազատ արտագաղթելու ճանապարհը:

 

Իհարկե, պոտենցիալը կրող շատերը սկսում են ու պայքարում, փորձում են մաքառել դյուրին սկսած բիզնեսի բարդ շարունակության մեջ, չհանձնվել, անգամ ստանձնել ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաեւ քաղաքակրթական առաքելություն եւ իրենց գործունեությամբ Հայաստանում նաեւ մշակույթ ու արժեհամակարգ փոխել: Բայց այդ գործընթացն առայժմ ավելի շատ հողմաղացների դեմ կռիվ է հիշեցնում, քանի որ Հայաստանում մենաշնորհներն ու օլիգոպոլիաները շարունակում են ամրանալ:

 

Այդ պայմաններում, բիզնես սկսելու դյուրինությունը դառնում է ցուցանակ՝ օլիգոպոլ եւ մոնոպոլ տնտեսությունն ավելի դյուրին պահպանելու ցուցանակներից մեկը: Իշխանության ու խոշոր կապիտալի սերտաճման հետեւանքով ձեավորված մենատերերն ու օլիգոպոլիստները նվաճել են բիզնես իրականացնելու գրեթե բոլոր ուղղությունները, բիզնես սկսելու դյուրին հնարավորությունը մեծահոգաբար զիջելով հասարակությանը՝ թող հասարակությունը սկսի բիզնես ինչքան ուզում է, որովհետեւ շարունակողը միեւնույն է առավելապես հանդիսանում է քրեա-օլիգարխիան:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play