Ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում


Ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում

  • 29-10-2015 14:59:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունը հավանություն է  տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 112 մլն 970 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:
 
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Նոր վարկային ծրագիրը, որի ընդհանուր գումարը կկազմի 50 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է իրականացնել 2016-2019 թվականների ընթացքում: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80 տոկոս՝ 40 մլն ԱՄՆ դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20 տոկոս՝ 10 մլն ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ: Նոր վարկային ծրագրի  նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները (շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ) վերականգնելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսական նշանակության ճանապարհային ցանցը: 
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ-ի և Միջազգային Զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրին: Ծրագրի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը՝ իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Մասնավորապես, ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրվի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին, կբարելավվեն հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում ջրամատակարարման և ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ծրագիրը, նշել է , որ պետք է հետամուտ լինել այն արագ իրականացնելու համար: 
Գործադիրը համաձայնություն է տվել  «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի» կնքման առաջարկությանը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցությունը կարող է նպաստել հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔԶՄԿ-ի կարգավիճակի մասին»  համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կազմակերպության նպատակը միգրացիայի բնագավառում նորարարական, համապարփակ և կայուն քաղաքականությունների մշակումն ու իրականացումն է: Կազմակերպությունն ուսումնասիրում է առկա և հիմնավոր միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպայի ընդունող պետություններ, հետևում և վերլուծում  միգրանտների ծագման հիմնական երկրներում իրավիճակը, մշակում միջոցներ: Կազմակերպությունը ներկայումս համագործակցում է ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելով սահմանների կառավարման, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիկինգի և միգրացիայի կառավարման ծրագրեր: Համաձայնագրով կարգավորվում են Հայաստանում ՄՔԶՄԿ –ի կարգավիճակի , արտոնությունների հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջազգային կենտրոնն իրավունք կունենա հիմնել իր ներկայացուցչությունը Հայաստանում: 
Համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև  միջազգային օդային հաղորդակցությունների ոլորտում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակի երաշխավորման  նպատակով կառավարությունը համաձայնություն է տվել  «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  
 
 
Էլեկտրաէներգիայի սակագների մեղման վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվել է
 
Էլեկրաէներգիայի նոր և նախորդ սակագների փոխհատուցման համար կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (յուրաքանչյուրը հավասար չափով) մինչև 2016թ. հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կփոխհատուցեն հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ): Որոշմամբ, ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում: Միաժամանակ առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական  ցանցեր» ՓԲԸ-ին՝ սպառած էլեկտրական էներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել Հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից 6,93 դրամ/կվտժ  նվազեցված չափով:
 
Այլ որոշումներ
 
 
  Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «2015 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում, որով կկարգավորվի  2015թ.-ի նոյեմբեր-2016թ. հունվար ամիսների ընթացքում ՀՀ-ում ձմեռային զորակոչի  սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
Գործադիրն ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշում: Կարգով հաստատվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին տրամադրվող պաշտպանության տեսակները, պաշտպանության տրամադրման հիմքերը: Մասնավորապես, սահմանվում են պաշտպանության ենթակա անձի նկատմամբ իրականացվող պաշտպանության հետևյալ միջոցները՝ անձնական անվտանգության ապահովում, գույքի կամ բնակության վայրի պահպանություն, վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների տրամադրում, պաշտպանության ենթակա անձի անձնական տվյալների պաշտպանություն, պաշտպանության ենթակա անձի ժամանակավոր տեղափոխում անվտանգ վայր: 
Կառավարության որոշմամբ հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության խնամք և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների հաստիքային միավորների չափորոշիչները և սահմանվել են այդ կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումները: 
Գործադիրը սահմանել է «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը: Դրանով կարգավորվում են մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի հաշվառման և մաքսային մարմիններին այդ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները: 
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում բարձրագույն կրթության զարգացման գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է 20000.0 հազար  դրամ հատկացնել ԼՂՀ-ում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնա-արտադրական բազայի շինարարության համար: 
Կառավարության մեկ այլ որոշմամբ  գումար է հատկացրել նաև Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Ուսումնարանի շենքը կառուցվել է 1972 թ-ին և մինչ օրս չի վերանորոգվել: 
Կառավարության որոշմամբ  պետական գյուղատնտեսական քոլեջը վերակազմակերպվել և  միացվել է Հայաստանի ազգային   ագրարային համալսարանին, ինչը կնպաստի քոլեջում մասնագետների  պատրաստման մակարդակի բարելավմանը, ուսումնական գործընթացի  անխափան իրականացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play