Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական առաջնությունը


Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական առաջնությունը

  • 04-05-2011 17:55:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 4-ին մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնությունը, որը կազմակերպել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) եւ ,Orange Արմենիաե ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, որը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին, ովքեր հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները եւ կմասնակցեն լավագույն ՏՏ ընկերություններում նախագծերի իրականացմանը: ,Ըստ DISCOVERY Research Group-ի` Ռուսաստանի Դաշնությունում 2010թ Համակարգչային Խաղերի շուկայի ծավալը հասել էր 540 մլն ԱՄՆ դոլարի, իսկ համաշխարային շուկայինը կազմում է 42 մլրդ: Կարծում ենք, որ սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Կարծում ենք, որ ժամանակն է նաեւ Հայաստանում խրախուսել հայ ծրագրավորողներին` փորձել ուժերն այս ոլորտումե, ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: , Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտում: Նոր, սակայն շատ դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է հեռախոսների համար նախատեսված խաղային ծրագրերի եւ հավելվածների ոլորտը: Այս համատեսքստում հայկական բովանդակությունը պետք է հետ չմնա համաշխարհային զարգացումներից: Հուսով ենք, որ այս առաջնությունը մեզ թույլ կտա վեր հանել տաղանդներին ու գտնել նրանց գաղափարների իրականացման համար լավագույն ուղիները ե, ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով եւ ունենալու է 7 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն եւ Լավագույն շարժական հավելված-խաղ: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը` խաղի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը եւ տեխնիկական հնարավորությունները, որոնց համար կգնահատվեն ժյուրիի կողմից: Մինչեւ 3-րդ փուլը ներառյալ` կարող են գրանցվել նոր մասնակիցներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կկորցնեն մինչեւ մասնակցության հայտը ներկայացնելու օրը անցկացված փուլերի միավորները: 4-րդ` եզրափակիչ փուլում մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ եւ կորոշվի լավագույն խաղը, իսկ բոլոր կատեգորիաների հաղթողներին կտրվեն դրամական պարգեւներ: Մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում առավոտից մինչեւ երեկո կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաեւ համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ: Առաջնության շրջանակներում տեղի կունենան նաեւ համակարգչային խաղերի նախագծման դասընթացներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել սկսնակներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ խաղերի նախագծման, դիզայնի եւ անիմացիայի ոլորտում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play