«Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների հաղթողները կստանան 300-600 հազար դրամ


«Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների հաղթողները կստանան 300-600 հազար դրամ

  • 04-11-2015 14:23:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանում ոբոտաշինության ոլորտը զարգացնելու և ոլորտի փորձառու մասնագետներին բացահայտելու նպատակով մեկնարկեց «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների դիմում-հայտերի գրանցման փուլը, որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը:
Ինչպես նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթներն անցկացվելու են երեք փուլերով` գրանցման փուլ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ:
 
Ըստ նրա` գրանցման փուլում ներկայացված նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ և բարելավել իրենց նախագծերը, ինչպես նաև ստանալ սարքերի պատրաստման համար անհրաժեշտ դետալները:
«Քանի որ սարքերի պատրաստման համար անհրաժեշտ դետալները բավականին բարդ և արժեքավոր են, ուստի շատ մասնակիցների համար դրանք կարող են հասանելի չլինել, հետևաբար  որոշեցինք մասնակիցներին տրամադրել սարքերի շարժիչները, իրանը և այլ հիմնական բաղադրիչներ»,- ասաց Կ. Վարդանյանը` հույս հայտնելով, որ մրցող նախագծերը կգրավեն ՀՀ անվտանգության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը:
Նրա փոխանցմամբ, եթե «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը  նախկինում անցկացվել է բնական պայմաններին համապատասխան  պահանջների կատարմամբ, ապա  այս տարի այն համեմատաբար պարզեցվել է, որպեսզի մասնակիցները կարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Կ. Վարդանյանի խոսքերով` վերոնշյալ մրցույթի էությունը կայանում է նրանում, որ նախագծված ռոբոտը պետք է արհեստական ծածկույթի տակ փնտրի և գտնի թաքնված ականները, ապա դրանց գտնվելու վայրի քարտեզն առցանց ուղարկի մրցույթի ժյուրիի անդամներին, որպեսզի վերջիններս գնահատնեն ռոբոտի կատարած աշխատանքը:
«Ինչ վերաբերում է  «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթին, ապա այն մաքսիմալ կիրառական է, այսինքն` խնդիրը դրված է այնպես, որ այդ թռչող սարքը պետք է վերցնի ուսումնական նռնակը և այն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մրցույթի կազմակերպիչների տված կորդինատներով նետի նախապես գծված խրամատի վրա»,- պարզաբանեց Կ. Վարդանյանը:
Վերջինիս փոխանցմամբ` երկու մրցույթների դեպքում էլ գնահատվում է ինչպես հանձնարարությունների ճշգրիտ կատարման հանգամանքը, այնպես էլ կիրառված ինժեներական լուծումները:
«ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպչի տեղեկացմամբ` մրցույթի մրցանակային ֆոնդի և անհրաժեշտ սարքավորումների համար կազմակերպիչները հատկացրել են 15 միլիոն դրամ: Փետրվար և մարտ ամիսներին անցկացվող կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերում հաղթող ճանաչված նախագծերի հեղինակները մրցույթի աջակից` «Յուքոմ» ընկերությունից կստանան դրամական պարգևատրումներ 300-600 հազար դրամի չափով: 
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքերով` որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտի հիմքում կանգնած ընկերություն, իրենք մշտապես աջակցելու են նշյալ ոլորտին առնչվող մրցույթներին, որպեսզի Հայաստանում զարգանա նոր տեխնոլոգիաներ ստեղծելու մի դարաշրջան, երբ այլևս կարիք չի լինի օգտվել արտասահմանում ստեղծված նորագույն տեխնոլոգիաներից:
Նրա կարծիքով` ռոբոտաշինությունը խսիտ անհրաժեշտ է Հայաստանի համար, ուստի կարևոր են ռազմական ուղղվածության ռոմոբտների մասնակցությամբ մրցույթների անցկացումը, որոնց արդյունքում կարող են ստեղծվել Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում լայն կիրառություն գտնող սարքավորումներ:
Տեղեկացվեց, որ մրցույթների գրանցման հայտն ու տեխնիկական առաջադրանքները մանրամասն ներկայացված են armrobotics.am կայքում: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play