ԵԱՀԿ-ն դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չի արձանագրել


ԵԱՀԿ-ն դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չի արձանագրել

  • 05-11-2015 15:29:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
 
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:
 
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/:
 
Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
 
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական